Դիմացկունության հաղթանակները
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին» անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։
«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14):Սիրելի՛ Ընկեր, այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ մենք անդրադարձանք նեղ ճանապարհի ճամփորդների երկու կարևորագույն որակների՝ խանդավառությանն ու համարձակությանը։ Այսօր անդրադառնալու ենք ևս մեկ կարևոր որակի, որը մեզ կօգնի նեղ ճանապարհի դժվարությունները հաղթահարելու և հաղթական ավարտին հասնելու հարցերում։ Այդ կարևոր որակը դիմացկունությունն է։
Նեղ ճանապարհը հարյուր մետրանոց մրցավազք չէ, որը կարելի է անցնել անսպառ ոգևորությամբ և ուժերի գերլարումով։ Այն ավելի շատ նման է մարաթոնյան մրցավազքի, քանի որ սկսվում է մարդու ապաշխարությամբ և տևում մինչև այս երկրային կյանքի ավարտը։ Իսկ այդ երկու իրադարձությունների միջև մեր հավատքի կյանքն է՝ լեցուն վայրիվերումներով և տարբեր ուրախ ու տխուր, ոգևորիչ ու հիասթափեցնող իրադարձություններով և իրավիճակներով։
«Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ Հավաստի է այս խոսքը. «Եթե Նրա հետ մեռանք, Նրա հետ էլ կապրենք։ Եթե համբերենք, Նրա հետ էլ կթագավորենք, եթե ուրանանք, Նա էլ մեզ կուրանա» (Բ Տիմոթեոս 2․10-12):
Դիմացկունությունը կապ ունի նեղ ճանապարհի դժվարություններին ու ճնշումներին մեր ունեցած արձագանքի հետ։ Եթե համարձակությունը կապ ունի վտանգների հանդեպ մեր արձագանքի հետ և պատասխանում է հարցին, թե՝ հնազանդվե՞մ Աստծու կամքին և գնամ վտանգին ընդառաջ, ապա դիմացկունությունը պատասխանում է հետևյալ հարցին՝ դիմանա՞մ դժվարություններին և ճնշումներին՝ շարունակելով ընթանալ Աստծու կամքի մեջ, թե՞ հանձնվեմ ու տանուլ տամ իմ հավատքի պատերազմը։
«Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ» (Հռոմեացիս 8.18):
Դիմացկունությունը դրսևորվում է համբերության մեջ։ Հավատքը մեզ ուժ է տալիս համբերելու։ Հավատքը մեզ հուշում է, թե հանուն ինչի և հանուն Ո՛ւմ ենք համբերում։ Երբ մարդը տեսնում է գալիք փառքը․․․, երբ հավատում է Տեր Հիսուսի խոսքերին և խոստումներին, նրա կյանքում դիմացկունության մի գերբնական որակ է սկսում գործել, որը նրան մղում է անկոտրում ընթացքի և անգամ կոտրված ու փշրված վիճակներից ոտքի կանգնելու։
«Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի։ Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. "Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց» (Հայտնություն 14․12-13):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, որոշ մոլորեցնողներ հավատքի կյանքը նկարագրում են որպես օրհնության ու երկրային հաջողվածության հարատև ընթացք՝ առանց որևէ խնդիրների։ Նման նկարագրությունը ավելի շատ նման է լայն ճանապարհի կեղծ գովազդին։ Իսկ նեղ ճանապարհը լի է դժվարություններով ու ճնշումներով, որոնք Քրիստոսի հավատարիմ աշակերտները հաղթահարում են Տեր Աստծու օգնությամբ և Նրա զարմանահրաշ շնորհի արդյունքում։
Աստվածաշունչը մեզ հորդորում է չծուլանալ, չթուլանալ, չկորցնել հավատքը և չթողնել համբերությունը։ Մենք մեր հույսը պետք է մինչև վերջ հաստատ պահենք։ Մենք պետք է չդադարենք Աստծուն ու Նրա Եկեղեցուն ծառայելուց։ Մենք պետք է մեր մեջ զարգացնենք դիմացկունության օրհնյալ որակը, որպեսզի հասնենք մինչև վերջ և ժառանգենք Տեր Հիսուսի շնորհած փրկության օրհնյալ խոստումը։
«Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ Նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։ Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա, որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք» (Եբրայեցիս 6․10-12):