Համարձակության բացած դռները
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին» անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։
«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14):Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը սովորեցնում է, որ մարդկանց մեծ մասը գնում է դեպի կործանում տանող լայն ճանապարհով։ Նա և Իր աշակերտներն արդեն մոտ երկու հազար տարի է, ինչ զգուշացնում են դեպի կորուստ գնացող մարդկանց այն անդառնալի արհավիրքի մասին, որը նրանց սպասում է այդ ճանապարհի վերջում։ Իսկ ինչո՞ւ շատերը չեն հավատում Տեր Հիսուսի և Նրա աշակերտների զգուշացումներին։
Լայն ճանապարհից դեպի նեղ ճանապարհը անցնելու համար մարդուն իրական համարձակություն է պետք։ Լայն ճանապարհը կեղծ ապահովություն է առաջարկում, սակայն ավարտվելու է հավիտենական տանջանքի անհուսությամբ։ Նեղ ճանապարհը լի է դժվարություններով, սակայն մինչև վերջ հավատարիմ մնացողների համար հավիտենական երանություն է խոստանում։
«Նրանք, աշակերտների սրտերն ամրացնելով, խնդրում էին, որ շարունակեն հավատի մեջ հաստատուն մնալ. «Մենք բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու Արքայություն» (Գործք Առաքելոց 14.22):
Իրականում, համարձակությունը չափազանց կարևոր հատկանիշ է նեղ ճանապարհի ճամփորդների համար։ Համարձակությունը կապ ունի վտանգի առկայության հետ։ Երբ չկա վտանգ, չի կարող դրսևորվել մարդու համարձակությունը։ Նեղ ճանապարհի ճամփորդների համար բոլոր վտանգները կապ ունեն այս ժամանակավոր աշխարհի հետ։
Երբ մարդը ժամանակավորը գերադասում է հավիտենականից, նա վախենալու է հանուն Քրիստոսի և հանուն Նրա հանդեպ հավատքի համարձակ որոշումներ կայացնել։ Նման մարդիկ, սովորաբար, գերադասում են գնալ այն ճանապարհով, որով գնում է մարդկանց մեծամասնությունը։ Վախը նրանց հետ է պահում նեղ ճանապարհի վտանգների միջով Աստծու օգնությամբ անցնելու և դեպի փրկություն տանող ճանապարհի վրա հաղթական ընթացք ունենալու կարևորագույն որոշումից։
Իսկ երբ մարդը հավիտենականն է գերադասում ժամանակավորից, ապա տվյալ մարդը պատրաստ է հանուն Աստծուն հնազանդության դեմ առ դեմ կանգնել իրական վտանգներին, ինչպես դա տեսնում ենք Դավթի ու Գողիաթի պատմության մեջ, կամ սեփական կյանքը վտանգելու Եսթերի որոշման, կամ էլ Աստծուն հավատարիմ մնալու Դանիելի ու նրա ընկերների հաստատակամության և շատ ու շատ այլ աստվածաշնչյան հերոսների պարագայում։
«Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով Ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի» (Ղուկաս 9․24):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծուն սիրող մարդիկ պատրաստ են հանուն Նրա վտանգել ժամանակավորը։ Տեր Հիսուսն ասում էր, որ եթե մենք հանուն Իրեն համարձակությամբ քայլենք դեպի նեղ ճանապարհի վտանգները, ապա ո՛չ թե կորցնելու ենք, այլ՝ փրկելու ենք մեր անձերը։ Սիրո մեջ վախ չկա։ Աստծուն սիրող մարդիկ չեն վախենում հանուն Նրա համարձակ որոշումներ ընդունելուց։
«Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք Նրան, որովհետև նախ Նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4․18-19):