Խանդավառության աղբյուրը
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին» անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։
«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14):
Սիրելի՛ Ընկեր, առաջիկա յոթ ուղերձները նվիրված են լինելու Տեր Հիսուս Քրիստոսի գործին ու խոսքերին հավատացող Նրա աշակերտների կարևորագույն որակներին, որոնք անհրաժեշտ պայմաններ են դեպի փրկություն տանող նեղ ճանապարհի դժվարին ընթացքը հաղթական ավարտին հասցնելու համար։
Առաջին որակը, որը պետք է ունենան նեղ ճանապարհի ճամփորդները, խանդավառությունն է։ Խանդավառությունը մի զորավոր փափագ է, որը նման է եռացող կաթսայի կամ վառվող թեժ կրակի, որը Քրիստոսի աշակերտի ներսում մի զորավոր ուժի մասին է վկայում և տեսանելի է մեր շրջապատի մարդկանց։
«Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, որ ճարտասան էր և Սուրբ Գրքին քաջածանոթ, եկավ հասավ Եփեսոս։ Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին» (Գործք Առաքելոց 18․24-25):
Խանդավառությունը Քրիստոսի աշակերտին մղում է ջերմեռանդության։ Այն առ Աստված ունեցած հավատքի առողջ ու կենդանի լինելու ապացույցներից մեկն է։ Խանդավառությունը ծնվում է Տեր Հիսուսի հետ հանդիպումներից։ Նրանով ենք մենք հաղթում մեղքի դեմ մղվող մեր հավատքի պատերազմում։ Խանդավառությունը բխում է հոգևոր հաղթանակներից։ Խանդավառությունը կրկին ու կրկին մեզ մղում է հավատքի գործերի։ Խանդավառությունը հավատքի անշեջ կրակով է բռնկում մեր շրջապատի մարդկանց։
«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):
Քրիստոսին իրապես հանդիպած մարդու մեջ չի կարող չլինել խանդավառության ցնծությունը։ Խանդավառության հականիշը սառած լինելն է։ Տեսե՞լ ես սառած քրիստոնյաների։ Տեսե՞լ ես Քրիստոսի աշակերտների, որոնց մեջ գրեթե մարել է Քրիստոսի շնորհած փրկության և Տիրոջը ծառայելու արտոնության խանդավառության կրակը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե ինչու է ժամանակի ընթացքում որոշ հավատացյալների սերը սառչում։
«Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերն է սառչելու» (Մատթեոս 24․12):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ այսօր ստուգել քո սիրտը խանդավառության առկայության առումով։ Արդյոք դու ունե՞ս Տեր Հիսուսին ծառայելու կամ մարդկանց դեպի փրկության նեղ ճանապարհն առաջնորդելու այն փափագը, որը նման է եռացող կաթսայի կամ վառվող թեժ կրակի։ Իսկ երբևէ ունեցե՞լ ես նման փափագ․․․ Առանց Քրիստոսի աշակերտը լինելու և Նրա հանձնարարություններն ընդունած լինելու խանդավառության շատ դժվար է լինելու հաղթահարել նեղ ճանապարհի դժվարին, բայց օրհնյալ ընթացքը։
Աղոթում եմ քեզ համար, որ հիշես, թե ե՛րբ ես կորցրել փրկված լինելու և Քրիստոսին ծառայելու քո խանդավառությունը։ Հիշես, թե ի՛նչն էր այդ ամենի պատճառը։ Հիշես և ապաշխարությամբ վերականգնես հարաբերությունդ Տեր Հիսուսի հետ ու լցվես Նրա Հոգու պարգևած անշեջ և անսպառ խանդավառությամբ։