Երբ աղոթքիդ համար չես գտնում խոսքեր…
Չկա մարդ, որ չանցնի դժվարությունների և հոգևոր պայքարների միջով։ Այսօր հորդորում եմ քեզ քո կյանքում կիրառել այս հրաշալի աղոթքը․ «Իմ սիրելի՛ Տեր Հիսուս, օգնի՛ր ինձ, խնդրում եմ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու հարցում»։
Սիրելի՛ Ընկեր, այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ քեզ, որ իմ կյանքում ևս եղել են իրավիճակներ, որ անգամ աղոթքի համար բառեր չեմ գտել։ Երբևէ զգացե՞լ ես, որ չես կարողանում աղոթել։ Սաղմոսերգուն հրաշալի տողեր է մեզ փոխանցել իր աղոթքի մասին. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 121.1-2):
Որոշակի օրերի հնարավոր է, որ մենք չզգանք մեր աղոթքի թարմությունը։ Ես նույնպես նման օրեր եմ ունենում իմ կյանքում։ Մենք միևնույն մարդկային հատկանիշներն ունենք… Սակայն Քրիստոսին հավատացող մարդիկ հույսի մարդիկ են՝ ձգտումների, աղոթքների ու պայքարների մարդիկ։ Սակայն սա չի նշանակում, որ մենք չենք ունենում տկար ժամանակներ։ Տկարությունը կարող է շատ անակնկալ կերպով այցելել մեզ։
Հենց այդպիսի ժամանակներում է, որ մեզ ընդամենը մեկ աղոթք է մնում, որ բարձրացնենք առ Աստված. «Իմ սիրելի՛ Տեր Հիսուս, օգնի՛ր ինձ, խնդրում եմ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու հարցում»։
Համոզված եմ, որ Տերը լսում է այս խոսքերը և հոգատար սիրով է պատասխանում Իր զավակների օգնության այսպիսի աղաղակներին։ Այս կարճ, բայց սրտից բխած աղոթքն Աստծուն շատ բան կարող է փոխանցել քո մասին՝ քո նվիրման, քո հավատքի, քո հույսի և քո օգնության ակնկալիքների մասին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր առաջարկում եմ այդ պարզ խոսքերով հանձնվել Աստծուն՝ հիշելով, որ Նա հավատարիմ է ու որ Նա երբեք չի լքի քեզ։ Այնուհետև կանգ մի՛ առ, շարունակի՛ր աղոթել՝ կարդալով ու խորհրդածելով Սաղմոս 121-ի շուրջ։
Այո՛, երբ խիստ ճնշված ես, բարձրացրո՛ւ աչքերդ դեպի Աստված, Ով սիրում է քեզ, և աղոթիր այս կարճ աղոթքով․ «Իմ սիրելի՛ Տեր Հիսուս, օգնի՛ր ինձ, խնդրում եմ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու հարցում»։ Նա լսում է քեզ․․․