Ճիշտ ընկերներ ունենալու խորհուրդը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը մեզ սկզբունքներ է փոխանցում, որոնց հետ երբեմն մեր տրամաբանությունն այնքան էլ համամիտ չէ։ Նման խորհուրդներից մեկը վերաբերում է ընկերական հարաբերություններին։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է մեր կյանքերի վրա վատ կյանքով ապրող ընկերների ապականիչ ազդեցության մասին և գովաբանում լավ ընկերների նվիրվածությունը։
«Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում» (Ա Կորնթացիս 15․33-34):
«Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է» (Առակաց 18․24):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ընկերն այն մարդն է, որի հետ դու ունես արժեհամակարգի ու բարոյական սկզբունքների նմանություն։ Եթե անգամ քո ընկերոջ կամ ընկերուհու պարագայում նման նմանություն, ըստ քեզ, չկա, Աստվածաշունչն ասում է, որ նման ընկերության պտուղն անկասկած լինելու է իրար նմանվելը և նույնանման կյանքով ապրելը։ Ընդ որում, ասվածը ճշմարիտ է թե՛ չար ընկերակցության և թե՛ աստվածավախ ընկերներ ունենալու դեպքերում։
Այո՛, մենք կարող ենք չհամաձայնել Աստծու Խոսքի փոխանցած այս ճշմարտությունների հետ, սակայն դրանից իրականությունը չի փոխվում։ Ընկերները կարևոր դեր ունեն մարդու կյանքում։ Ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։ Սակայն այսօր հորդորում եմ քեզ քննել քո վերաբերմունքն Աստվածաշնչի մեջ Տեր Աստծու փոխանցած զգուշացումների հանդեպ։
Ընդունի՛ր այսօր Աստվածաշնչի օրհնությունները և ճիշտ ընկերներ ունենալու աստվածաշնչյան իմաստուն խորհուրդը։
«Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են Քեզնից և պահում են Քո պատվիրանները» (Սաղմոս 119․63)