Քո զգացմունքային բժշկությունը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, երբ կոտրված ու փշրված է մարդու սիրտը․․․, երբ մարդու զգացմունքներն են խոցոտված ու բզկտված, շատ դժվար է որևէ դեղամիջոց գտնել կոտրված սրտի ու փշրված զգացմունքների բժշկության համար։ Դժվար է, սակայն ո՛չ անհնար։
«Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին» (Սաղմոս 34․17-18):
Ի՞նչն է մարդու զգացմունքային բժշկության հիմքը։ Այո՛, Աստված է բժշկողը, սակայն ինչպե՞ս է Նա բժշկում սրտով կոտրվածներին ու վշտաբեկ հոգիներին։ Աղոթքը և Աստծու Խոսքը քո սրտի մեջ ընդունելն իրական բալասան են զգացմունքային բժշկության և փշրված սրտի վերականգնման համար։
«Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և Նա փրկեց նրանց իրենց վշտերից. Ուղարկեց Իր Խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից» (Սաղմոս 107.19-20):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն Աստվածաշնչին։ Արդյոք դու կանոնավոր ու պարբերաբար կարդո՞ւմ ես այն։ Միայն կարդո՞ւմ ես, թե՞ թույլ ես տալիս, որ Աստծու Խոսքի ճշմարտությունները մուտք գործեն ու հաստատվեն քո սրտում։ Ի՞նչ հոգևոր սնունդ ես ընդունում։ Արդյոք տիրապետո՞ւմ ես քո լսած քարոզներն Աստվածաշնչի միջոցով քննելու հմտությանը։
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (Սաղմոս 1․1-3):
Քո կյանքի համար Տեր Աստծու կամքը քո սրտի ու զգացմունքների բժշկությունն է։ Աստվածաշունչը դարձրո՛ւ քո ամենօրյա ուղեկիցը, սնվի՛ր անարատ հոգևոր սնունդով և կտեսնե՛ս, թե ինչպես է բժշկվում ու փոխակերպվում քո կյանքը։