Երբ հոգնել ու հոգնեցրել ես քո բնավորությամբ
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, իմ հոգևոր կյանքի տարիների փորձառությունը ինձ սովորեցրել է, որ մարդու կյանքում ամենադժվար բաներից մեկը, եթե ոչ ամենադժվարը, բնավորության փոփոխությունն է։ Բնավորությունը մեր ներսում արմատացած և մեր ինքնության մասը դարձած երևույթ է։ Սակայն շատ շատերն իրենց բնավորությամբ ո՛չ միայն հոգնեցնում են իրենց շրջապատի մարդկանց, այլև իրենք են տարիների ընթացքում հոգնում իրենց բնավորության վատ գծերից։
Աստվածաշունչը ոչ միայն սովորեցնում է, թե ինչպիսի՛ն պետք է լինի Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր մարդու բնավորությունը, այլև զորացնում է մեզ բնավորության փոփոխության դժվարին և անգամ՝ անհնարին թվացող ընթացքի մեջ։
«Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ Նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը» (Կողոսացիս 3․12-17):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սրբության կյանքը, գթասրտությունը, ողորմածությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, համբերությունը, սերը, անտրտունջ գոհությունը և շատ այլ որակներ, որոնք թվարկված են Աստվածաշնչի էջերում, իրականում պետք է դառնան մեր՝ Քրիստոսի աշակերտներիս բնավորության գծերը և մեր վարքագծի հիմքը։ Եվ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ, ինչպես վերը կարդացինք, Քրիստոսի Խոսքն առատապես բնակվի մեր մեջ։
Աստվածապաշտության վարժանքը հե՛նց Աստծու Խոսքի փոխակերպող ազդեցության համար ճանապարհ բացելն է մեր հավատարմությամբ, հնազանդությամբ ու նվիրվածությամբ։ Բնավորության փոփոխությունը տեղի է ունենում, երբ մենք կանոնավոր ու կարգապահ կերպով ստիպում ենք մեզ անելու այն, ինչն Աստծու կամքն է՝ անկախ նրանից, թե որքան է դրան հակառակվում մեր մարմինը կամ մեր եսը։
Երբ հոգնել ես քո բնավորության որոշ գծերից և, հատկապես, երբ զգում ես, որ հոգնեցրել ես դրանցով քո սիրելիներին, ապա ժամանակն է, որ ընդունես Աստվածաշնչի այն օրհնությունները, որոնք կօգնեն քեզ բնավորության փոփոխության և Քրիստոսի պատկերին կերպարանակից լինելու հարցերում։
«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով։ Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել Իր Որդու պատկերին, որպեսզի Նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ» (Հռոմեացիս 8․28-29):