Բոլոր կասկածների պատասխանը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձը նվիրված է բոլոր այն մարդկանց, որոնք թեև հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին, սակայն ոչ ճիշտ ուսուցումների կամ սխալ տեղեկությունների ու ոչ պատշաճ հոգևոր դաստիարակության պատճառով ապրում են իրենց փրկության հարցում շարունակական կասկածների մեջ։
Ես բազմաթիվ հրաշալի մարդկանց եմ հանդիպել, որոնք սիրում են Աստծուն, ամեն ջանք անում են, որպեսզի ապրեն Տիրոջ Խոսքի փոխանցած սկզբունքներով, սակայն ընկճված են, միշտ դժգոհ են իրենց հոգևոր վիճակից և ապրում են իրենց փրկության և Աստծուն հաճելի լինելու հարցում մշտական կասկածների մեջ։
Բոլոր կասկածների պատասխանը, քաջալերանքը, մխիթարությունը և նաև փրկության ու Աստծու բարեհաճության հարցում վստահությունը կարելի է գտնել Աստծու Խոսքի մեջ՝ Աստվածաշնչի էջերում։
Եթե դու ապրում ես ապաշխարության պտուղներով զարդարված կյանքով․․․, եթե որոշել ես ապրել Տեր Հիսուսի աշակերտի կյանքով՝ Նրա ուսուցումներին ու պատվիրաններին համահունչ, սակայն դեռ ամեն բան չէ, որ ստացվում է, ապա երբեք ու երբե՛ք կասկածի տակ չդնես քո փրկությունը կամ Աստծուն հաճելի ու ընդունելի լինելու փաստը։
«Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող և Իր ժառանգության մնացորդի հանցանքն անտեսող, որ Իր բարկությունը հավիտյան չի պահում, որովհետև Նրան հաճելի է ողորմությունը» (Միքիա 7․18):
Աստված հակառակ է բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են աշխարհը և աշխարհի մեղավոր հաճույքները։ Աստված զորացնում է բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են Նրա Խոսքի սկզբունքներն ու պատվիրանները և ջանք են անում ապրելու Նրան հաճելի կյանքով՝ Աստծու կամքին հնազանդության մեջ։
«Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։ Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի» (Հռոմեացիս 6․12-14):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծու շնորհը գալիս է այնտեղ, որտեղ կա հավատք և Աստծու կամքի մեջ ապրելու ջանք։ Կենդանի հավատքի ապացույցը սրբության կյանքով ապրելու փափագն է։ Երբե՛ք չընկճվես, երբ սայթաքում ես։ Աստված տեսնում է քո սիրտը, որի մեջ մեղքի հանդեպ սեր գոյություն չունի, այլ կա պայքար ու պատերազմ՝ հանուն մեղքից ազատ կյանքի և կապանքների հաղթահարման։ Համոզված եղի՛ր, որ Նա, Ով քո մեջ սկսել է այս բարի գործը, անպայման այն ավարտին է հասցնելու, մինչև կգա Հիսուս Քրիստոսի առաջ կանգնելու այն բաղձալի օրը։
«Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ Նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին այսպես մտածելը, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ. իմ կապանքներում, նաև Ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք» (Փիլիպպեցիս 1․6-7):