Կյանքը վստահ ապրելու բանալին
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, Աստծու Խոսքը միայն իմանալը շատ բան չի փոխում մարդու կյանքում։ Տիրոջ պատվիրաններին տեղյակ լինելը լավ բան է, սակայն առանց այդ պատվիրաններին հնազանդության՝ գիտելիքը ո՛չ մի օգուտ չի կարող բերել մարդու կյանքում։
Իմ բազմաթիվ շրջագայությունների ու տարբեր երկրներում, ինչպես նաև հե՛նց Հայաստանում իմ ծառայությունների ընթացքում շատ եմ հանդիպում մարդկանց, որոնք հրաշալիորեն տեղյակ են Աստծու Խոսքի գիտության մանրամասներին, սակայն չեն ապրում Աստծու Խոսքի մեջ փոխանցված Աստծու կամքին հնազանդության կյանքով։ «Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի» (Հակոբոս 1․22-25):
Երանելի է այն մարդը, որ լսում է Աստծու Խոսքը և կատարում այն։ Նման մարդիկ վստահություն ունեն իրենց կյանքում, որ Քրիստոսին են պատկանում։ Իսկ այն մարդիկ, որոնք գիտեն Աստծու պատվիրանները, սակայն չեն հնազանդվում դրանց, ստիպված են լսել մոլորեցնողներին ու փնտրել ծուռ վարդապետություններ, որպեսզի գոնե ինչ-որ կերպ մխիթարեն իրենց ու համոզեն, թե թեև իրենց ապրած կյանքով անարգում են Աստծուն ու արհամարհում Նրա Խոսքը, սակայն փրկված են և ինչ-որ մի հրաշքով Աստծու սերը նրանց մի օր կփրկի։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ առաջին հերթին մենք ինքնե՛րս մեզ չխաբենք։ Առանց ապաշխարության՝ առանց մեղքից հեռանալու ու մեղքը մեր կյանքից հեռացնելու հստակ որոշման չկա՛ և չի կարող լինել մեղքերի ներում։ Իսկ որտեղ չկա մեղքերի ներում, չի կարող լինել նաև փրկություն։ Փրկությունը միայն հավատքով է, իսկ հավատքն առանց ապաշխարության գործերի մեռած հավատք է, որը ո՛չ մի օգուտ չի կարող բերել մարդուն։
«Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք Իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում» (Բ Տիմոթեոսին 2.19):
Քրիստոսի անունը կանչողը պետք է հեռանա անիրավությունից։ Անիրավությունը սիրող, թաքցնող ու արդարացնող մարդը կարող է վստահ լինել, որ իր վրա չկա Աստծուն պատկանելությունն ապացուցող կնիքը։ Մյուս կողմից՝ Աստծու Խոսքին հնազանդության փափագ ունեցող մարդը կարող է վստահ լինել, որ ինքն Աստծուն է պատկանում։ Ահա հենց սա՛ է կյանքը վստահ ապրելու աստվածաշնչյան բանալին։ Հենց այսպիսի՛ մարդկանց է Աստված արդարներ կոչում, որոնք էլ արեգակի պես փայլելու են իրենց Հոր Արքայության մեջ։
«Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։ Մարդու Որդին կուղարկի Իր հրեշտակներին, որոնք կհավաքեն Նրա Արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր Արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթեոս 13․40-43):