Կորուստն ու կործանվածը Վերականգնողը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, եթե քո կյանքն արդեն իսկ կործանված ես տեսնում, կամ քեզ թվում է, թե բաց ես թողել վերականգնման բոլոր հնարավորությունները, ապա ուզում եմ քաջալերել քեզ այսօր, քանի որ Տեր Աստծուն վստահողների համար վերջին խոսքը դեռ ասված չէ։
«Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․29-31):
Աստված կարող է վերականգնել անհուսորեն կործանվածը։ Տեր Հիսուսը կոտրված սրտերի Բժիշկն է, իսկ Նրա Խոսքը՝ բժշկություն բերող դեղամիջոցը։ Ուժասպա՞ռ ես, վստահի՛ր Նրան, և Նա քեզ կլցնի Իր զորության ուժով։ Ջախջախվա՞ծ ես։ Քեզ թվում է՝ ուր որ է քո խանդավառության առկայծող պատրույգը կմարի՞։ Տեր Հիսուսը քո կյանքի ամենաանհույս իրավիճակները կարող է վերցնել Իր ձեռքերի մեջ և անհավանական հրաշքներ գործել ու վերականգնել քո կյանքի կորուստներն ու կործանումները։
«Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի» (Մատթեոս 12․20):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո կյանքի ցանկացած իրավիճակում, երբ որոշում ես կայացնում հնազանդվելու Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությանը և Աստծու կամքը գերադասում ես քո կամքից ու պատկերացումներից, դրանով թույլ ես տալիս, որ Տեր Հիսուսը գա քո կյանք, բժշկի քո ցավն ու ազատի քեզ քո տառապանքից։
«Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում․․․» (Կողոսացիս 3․12-15):
Աստվածաշունչն այնքանով է բժշկում մեզ ու մեր հարաբերությունները, որքանով մենք որոշում ենք հնազանդվել այնտեղ տեղ գտած պատվիրաններին, ցուցումներին ու խորհուրդներին։ Երբ կյանքի տարբեր իրավիճակներում մենք մեր որոշումները կայացնում ենք Աստծու Խոսքի հիման վրա կամ մեր արձագանքը որոշում՝ հաշվի առնելով Տեր Հիսուսի կարծիքը, դրանով դուռ ենք բացում, որպեսզի Տերը գա ու բժշկի մեր կյանքը։
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):