Հավատքի հերոսների օրինակը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը շատ հավատացյալների զորացնում է նաև հավատքի հերոսների մասին պատմությունների շնորհիվ։ Նման պատմությունների մեջ է, որ մենք սովորում ենք հավատարմության ու համբերության օրհնությունների մասին։ Հենց ա՛յդ պատմությունների մեջ է, որ հասկանում ենք, որ հավատքի հերոսները մեզ նման սովորական մարդիկ են եղել, որոնք վստահել են Աստծուն ու իրենց կյանքում տեսել Աստծուն ապավինելու օրհնաբեր պտուղները։
«Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց» (Հակոբոս 5․17-18):
Աստվածաշնչից ենք սովորում Նոյի, Հոբի, Աբրահամի, Հակոբի, Մովսեսի, Դանիելի և շատ այլ հերոսների մասին։ Նրանց պատմությունները մեզ դասեր են փոխանցում։ Նրանց կյանքի իրավիճակներն օգնում են մեզ, որ մենք նույնականացնենք դրանք մեր կյանքի իրավիճակների հետ և սովորենք Տեր Աստծու ակնկալիքը մեզնից նմանատիպ իրավիճակներում։
Աստվածաշնչի Եբրայեցիս թղթի տասնմեկերորդ գլուխն ամբողջովին նվիրված է հավատքի հերոսների մասին պատմություններին։ Ավարտելով նրանց հավատքի սխրանքների թվարկումը՝ հեղինակը մեր ուշադրությունը կենտրոնացնում է, որ հիմա արդեն Տերն ակնկալում է մեր նվիրումը և հավատարմությունն Աստծուն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ իրական հավատքի կյանքը մեր կյանքից մեղքը հեռացնելն է և Տեր Աստծու գործն այս երկրի վրա շարունակելը։ Եթե մենք նվիրվենք այս օրհնյալ ընթացքին, ապա ինչպես հավատքի հերոսների պարագայում, այնպես էլ մեր կյանքում Աստված Իր հայրական հոգատարությամբ մեզ հետ է լինելու, պաշտպանելու է մեզ և առաջնորդելու է Իր կամքի մեջ։
«Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն Նրա՛ մասին մտածեք, Ով մեղավորների կողմից Իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։ Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու, և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր. որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում» (Եբրայեցիս 12․1-7)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր ընդունի՛ր հավատքի հերոսների մասին աստվածաշնչյան պատմություններից դասեր քաղելու օրհնությունը։ Կարդա՛ և աղոթի՛ր, մտորի՛ր ու փնտրի՛ր, թե ի՛նչ է Աստված ուզում քեզ սովորեցնել և ինչը փոխել քո կյանքում այս պատմությունների շնորհիվ։