Նեղ ճանապարհին քեզ ուժ փոխանցողը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, Աստծուն հավատացող մարդիկ նեղ ճանապարհն ընտրած ճամփորդներ են, որոնք հավատացել են Տեր Հիսուսի փոխանցած ուսուցումներին և այս կյանքում ընթանում են աշխարհի սկզբունքներին ու սովորույթներին հակառակ։ Դա այնքան էլ հեշտ չէ, և Աստված քաջատեղյակ է այդ իրողությանը։
Տերը Իր անսահման սիրո ու հոգածության արդյունքում օգնության մի աննկարագրելիորեն զորավոր աղբյուր է հոգացել նեղ ճանապարհով ընթացող Իր յուրաքանչյուր զավակի համար։ Աստվածաշունչը մի զորավոր ունակություն է իր մեջ պարփակում, որի մասին շատերը չգիտեն։ Այն զորության աղբյուր է և ուժ ավելացնող միջոց։
«Կենդանի է Աստծու Խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները» (Եբրայեցիս 4.12):
Աստծու Խոսքը կենդանի է և ազդեցիկ․․․ Ինչպիսի՜ նկարագրություն։ Երբ դու քո ձեռքն ես վերցնում Աստվածաշունչը, այն սկսում է ոչ միայն խոսել քեզ հետ, այլև ազդեցություն ունի քո կյանքի ու հոգեվիճակի վրա։ Այն դրական ազդեցություն է բերում քո հոգու, շնչի ու մարմնի վրա, քանի որ ունակ է թափանցելու մինչև քո էության խորքերը։
«Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին» (Սաղմոս 19․7):
Աստծու Խոսքը հոգին նորոգող հատկություն ունի։ Աստծու Խոսքը մարդուն իմաստուն է դարձնում։ Աստվածաշնչի հետ մտերմությունը և գրքերի Գրքից հոգևոր սնունդ ընդունելն ուժ և զորություն է փոխանցում քեզ, որպեսզի հաղթական կերպով հաղթահարես նեղ ճանապարհի բոլոր դժվարությունները։
«Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում» (Մատթեոս 4․4)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մի քանի գործնական խորհուրդ եմ ուզում քեզ տալ Աստվածաշնչի՝ զորություն փոխանցող օրհնությունը քո կյանքում ընդունելու համար։
-
Օրդ սկսի՛ր Աստվածաշնչի ընթերցանությամբ։ Որոշակի ժամանակ տրամադրի՛ր ամեն առավոտ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության համար։ Այս հարցում եղի՛ր կարգապահ։ Թո՛ւյլ տուր, որ Աստված խոսի քո սրտին Իր հավիտենական Խոսքի միջոցով։
-
Կարևորագույն հատվածներն անգիր սովորի՛ր։ Քո ընթերցանության միջից առանձնացրու և դուրս գրի՛ր որոշակի կարճ հատվածներ և անգիր սովորի՛ր դրանք։ Օրվա ընթացքում մտորի՛ր դրանց շուրջ և անհրաժեշտության ժամանակ հիշեցրու քեզ Աստծու Խոսքի այդ կարևոր ճշմարտությունները։
-
Գտի՛ր Աստվածաշնչի սերտողության խմբակ կամ աշակերտական խումբ։ Մյուսների հետ քո հայտնություններով կիսվելը կամ նրանց ծառայությունն ընդունելն ու նրանց ծառայելը կխորացնի քո գիտելիքները Աստծու Խոսքի վերաբերյալ և կապահովի քեզ անհրաժեշտ աջակցությունը։
Եթե քո շրջապատում չկա որևէ եկեղեցի, և դուրս ես մնացել հոգևոր խնամքից, ապա կապ հաստատիր մեզ հետ, և մենք սիրով կաջակցենք քեզ՝ անկախ նրանից, թե ի՛նչ իրավիճակում ես կամ աշխարհի ո՛ր ծայրում ես բնակվում։