Ճիշտ որոշումներ կայացնելու իմաստությունը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք Աստվածաշնչի ևս մեկ կարևոր օրհնության։ Այն մեր իմաստության Աղբյուրն է։ Աստվածաշունչն Իր մեջ անգամ ամենատկար միտք և ցածր ընդունակություններ ունեցող մարդուն այս աշխարհի իմաստուններից ավելի իմաստուն դարձնելու մի արտասովոր զորություն ունի։
«Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։ Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ Քո պատվիրանները» (Սաղմոս 119․129-131):
Երբ մենք փափագում ենք Աստծու Խոսքի վկայություններին ու հայտնություններին այնպես, ինչպես փափագում ենք օդ շնչելուն․․․, երբ նվիրվում ենք Աստծու, հոգևոր կյանքի ու մեր մասին աստվածաշնչյան ճշմարտություններն իմանալուն և ապրում ենք Աստծու կամքին հնազանդության փափագով, Նրա իմաստությունն ու գիտությունը լցվում են մեր մեջ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։
«Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, Նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը» (Առակաց 2․6):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, կյանքի կարևորագույն պահերին մեր ճիշտ որոշումներից է կախված մեր կյանքի ընթացքը։ Եթե մենք այդ որոշումները կայացնենք Աստծու կամքին համապատասխան, ապա մեզ սպասում են Տիրոջ օրհնություններն ու պարգևները։ Իսկ եթե մեր պատկերացումները վեր դասենք Աստծու կամքից և համառորեն գնանք մեր ցանկությունների հետևից, ապա կկործանվենք։ Աստված Իր Խոսքի միջոցով մեզ հայտնում է Իր ճանապարհները, Իր մոտեցումներին ու ակնկալիքները։ Եթե ընդունենք Աստվածաշնչի օրհնությունները մեր կյանքում, ապա Տերը կուղղի մեր բոլոր ծուռ ու մոլոր ճանապարհները։ Աստվածավախ մարդն Աստծու կամքը վեր է դասում սեփական պատկերացումներից ու ցանկություններից։
«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը» (Առակաց 3․5-7):