Աստվածաշնչի զորությունը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը պարզապես մեկտեղ հավաքված պատմությունների մի ամբողջություն չէ։ Այն կենդանի է և զորեղ։ Այն կարող է խոսել մեր սրտերին ու մտքերին։ Այն կարող է քաջալերել, մխիթարել ու հանդիմանել մեզ։ Այն իմաստություն է փոխանցում այն փնտրողներին և օգնում հաղթահարել անհանգստությունները, վախերն ու տագնապները։ Երբ մենք Աստվածաշունչ ենք ընթերցում, Աստծու Խոսքը կարող է ներթափանցել մեր հոգու խորքերը և արձագանքել մեր պայքարների, դժվարությունների և անգամ ուրախությունների ու ցնծությունների հետ։
«Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. Նրան ենք հաշվետու» (Եբրայեցիս 4․12-13):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե քո կյանքում անցնում ես այնպիսի ժամանակահատվածով, որ քեզ ուժասպառ ու հիասթափված ես զգում, ապա դու Աստծու Խոսքի զորացման կարիքն ունես։ Եթե անցնում ես դժվարին ժամանակներով, ապա թո՛ւյլ տուր, որ Աստծու Խոսքը զորացնի քեզ, որպեսզի հաղթահարես քո կյանք այցելած դժվարությունները։
Իմ կյանքում մեծագույն օրհնություն են եղել Աստվածաշնչի մեջ Տեր Աստծու կողմից մեզ փոխանցված խոստումները։ Դրանք միշտ քաջալերել են ինձ, և ես իմ կյանքում շատ անգամ եմ տեսել այդ խոստումների իրականացումը, երբ ուշադրությամբ քննել ու իմ կյանքը համապատասխանեցրել եմ այդ խոստումների մեջ տեղ գտած պայմաններին։ Երբ ես փոխվել եմ և բավարարել խոստման պայմանին, այդ խոստումը սկսել է գործել իմ կյանքում և փոխակերպել իմ կյանքի իրավիճակները։
«Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․30-31):
Իսկ դու Աստծո՞ւն ես ապավինում, երբ ուժասպառ ես կամ անցնում ես կյանքի դժվարություններով։ Երբ իրավիճակն անելանելի է թվում կամ երկար ժամանակ չեն երևում աղոթքներիդ պատասխանները, դու շարունակո՞ւմ ես հավատալ Աստծու խոստումների անխախտ լինելուն, թե՞ ընկնում ես հուսահատության ու սեփական հասկացողությամբ լուծումներ գտնելու ծուղակը։
Դու վստահո՞ւմ ես Աստվածաշնչի խոստումների իրական լինելուն։ Դու կարդո՞ւմ ես Աստվածաշունչը կանոնավոր ու կարգապահ կերպով։