Փրկագնվածների ինքնության ապացույցը
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման ցնցող իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, երբ մարդը հավատում է Աստծուն և ընդունում Նրա Խոսքը․․․, երբ թույլ է տալիս, որ Աստվածաշնչի սրբագործող ազդեցությունը գործի իր սրտի մեջ, այդ ժամանակ տեղի է ունենում այս տիեզերքի ամենազարմանահրաշ փոխակերպումներից մեկը։ Մեղքի խաբեություններով ու աշխարհիկ ձգտումներով կարծրացած սիրտն Աստծու Խոսքի ազդեցության ներքո սկսում է փափկել ու գործել ըստ այն նախասահմանության, որի համար արարվել էր։
«Քանզի Նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք» (Եփեսացիս 2․10):
Աստվածաշնչին հավատալը միայն խոսքեր չեն կարող լինել։ Շատերը կարող են ասել, թե քրիստոնյաներ են՝ հավատացյալներ կամ Քրիստոսի աշակերտներ, սակայն Աստվածաշնչին հավատացող մարդը թույլ է տալիս, որպեսզի Աստծու Խոսքի փոխակերպող ներգործությունը հասնի մինչև մտքի ու վարքագծի, արժեհամակարգի ու գործերի ոլորտները։
Աստվածաշունչն ընդունող մարդը դառնում է Աստծուն հոգով և ճշմարտությամբ երկրպագող աշակերտ։ Աստվածաշունչն ընդունող մարդը մտերմանում է Տեր Աստծու հետ, զգում Նրա սրտի ուրախությունն ու զանազանում Նրա տրտմության պատճառները։ Նման մարդը մեծագույն փափագով ձգտում է ճանաչել Աստծու կամքն ու հնազանդվել Աստվածաշնչում բացահայտված այդ կամքին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծու Խոսքի բերած փոխակերպումն անխուսափելիորեն դրսևորվելու է մեր գործերի մեջ, որոնք դառնալու են Աստծու կամքին հնազանդության գործեր։
Եթե մենք հավատում ենք Աստծուն ու Նրա Խոսքի փոխանցած ճշմարտություններին․․․, եթե հավատում ենք Նրա սիրուն և հանուն մեզ կատարած մեծագույն զոհաբերությանը, երբ Հայրը Իր ամենաթանկը՝ Իր Միածին Որդուն զոհեց Գողգոթայի խաչի վրա՝ որպես քավություն իմ և քո գործած մեղքերի փոխարեն․․․, եթե հավատում ենք ու շնորհակալ ենք հավիտենական կյանքի անպատմելի մեծ պարգևի համար, ապա մե՛նք էլ մեր հերթին պետք է սիրենք Նրան և մեր հնազանդությամբ ցույց տանք մեր երախտագիտության անկեղծ լինելը։
«Բայց ով Նրա Խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ Նրա մեջ ենք» (Ա Հովհաննես 2․5):
Իսկ դու հավատո՞ւմ ես Տեր Աստծուն։ Դու շնորհակա՞լ ես Նրան Նրա զոհաբեր սիրո համար։ Իսկ Նրա հանդեպ քո երախտագիտությունը դրսևորո՞ւմ ես Նրա Խոսքին հնազանդության կրակոտ փափագով․․․ Աստծու Խոսքին հնազանդությունն է փրկագնվածների ինքնության ապացույցը։