Աստծու Խոսքը մարդու սրբագործման հիմքն է
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն երեսուն օր է տևելու և նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման ցնցող իրադարձությանը։
Սիրելի՛ Ընկեր, սրբագործումը Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդու բնականոն ընթացքն է։ Եթե որևէ մեկն իրեն հավատացյալ է համարում և որոշել է ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով ու կատարել Նրա հանձնարարությունները, ապա պետք է փափագ ունենա իր կյանքով ու արժեհամակարգով նմանվելու Տեր Հիսուսին։
Սրբագործումը մեր կյանքի բոլոր ոլորտներում Քրիստոսին նմանվելու ձգտումն է։ Այն առաջին հերթին տեղի է ունենում մեր սրտերում։ Հե՛նց սրտի խորը անկյուններում է, որ մենք համաձայնվում ու մեկանում ենք Տեր Աստծու հետ և սկսում աճել դեպի Քրիստոսի նմանությունը։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում մեր սրտերի մաքրագործումն ու սրբագործումը։
«Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ. Քո Խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17․17):
Տեր Հիսուսը այս խոսքերով էր աղոթում Հորը՝ խնդրելով ինձ և քեզ համար։ Մեզ սրբացնում ու մաքրագործում է Աստծու Խոսքը։ Աստվածաշունչն է ճշմարտությունը։ Ճշմարտությանը հավատալը մեր կյանքերից հեռացնում է մեղքի ու գայթակղության, այս աշխարհի սին պատրանքների ու մոլորությունների բոլոր ստությունները։ Աստվածաշնչի հետ մտերմությունը մեզ հեռացնում է ստության կործանարար աղբյուրներից։ Աստվածաշնչի ճշմարտությունները մեր համոզմունքների հիմքը դարձնելն ամրացնում է մեր հավատքը և առանձնացնում է մեզ աշխարհի կործանարար ընթացքից։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի խոսքերը մաքրագործող հատկություն ունեն։ Մենք ամեն օր պետք է լսենք Նրան։ Մենք պետք է լսենք Նրա խոսքերն ու հնազանդվենք դրանց։ Հե՛նց այս պատճառով էր Տերը Իր հետևորդներին աշակերտներ կոչում։ Եվ հե՛նց աշակերտներին էր ասում, որ նրանք արդեն իսկ մաքրված են այն խոսքի շնորհիվ, որ Ինքն էր նրանց փոխանցել։
«Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի» (Հովհաննես 15․3):
Իսկ ի՞նչ տեղ ունի քո կյանքում Աստվածաշունչը։ Որքա՞ն հաճախ ես դու վերցնում Աստվածաշունչը և սկսում ընթերցել Աստծու Խոսքը։ Իսկ երբ ընթերցում ես, արդյոք լսո՞ւմ ես Նրա ձայնը և ընդունո՞ւմ ես Նրա ուսուցումները։