• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 հկտ 2025 թ.

Բացահայտի՛ր քեզ համար Աստծու ունեցած երազանքները

Հրապարակման ամսաթիվ 27 հկտ 2025 թ.

Երբ երեխա էինք, ապագայի մասին մեր պատկերացումները բավականին զվարճալի էին: Օրինակ՝ մանուկ հասակում ես շատ էի սիրում լիմոնադ խմել և ասում էի. «Երբ մեծանամ, օդաչու եմ դառնալու, որպեսզի ուղղաթիռով լիմոնադ տեղափոխեմ»։ Իսկ արդեն դպրոցական տարիներին՝ տարրական դասարաններում երազանքներս կառուցվում էին հեքիաթների ու ֆիլմերի հերոսների նման օգնող ու ազատարար մարդ դառնալու շուրջ։ Բարձր դասարաններում արդեն երազում էի ֆիզիկոս կամ այլ ոլորտի գիտնական դառնալու մասին։ Ավելի հասուն տարիքում ավելի շատ երազում էի ոչ թե իմ ո՛վ դառնալու, այլ ինչպիսին լինելու մասին։ Այդ ժամանակ էր, որ երազանքս դարձավ այս կյանքի իմաստը հասկանալն ու ճշմարտությունը գտնելը։

Սիրելի՛ Ընկեր, այն ժամանակների իմ երազանքներն ու ներկայիս իրականությունը շատ տարբեր են: Փառք Աստծուն, որ Նրա ողորմությամբ Իր ճշմարիտ Խոսքի՝ Աստվածաշնչի շնորհիվ ես ոչ միայն գտա ճշմարտությունը, այլև ճանաչեցի Ճշմարտությունն Իր մեջ կրող միակ Անձին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Ով իմ կյանքը լցրեց իմաստով և լուսավորեց իմ կյանքի խավարը։ 

Մեր մանկական կամ պատանեկան տարիքի երազանքների և այսօրվա մեր ունեցած երազանքների տարբերությունը մեզ մի կարևորագույն դաս է փոխանցում։ Իմ մանկական երազանքները վատ երազանքներ չէին։ Դու էլ այսօր կարող ես լավ ու լուսավոր երազանքներ ունենալ։ Սակայն քրիստոնյայի համար ամենակարևոր բանը երկնային Հոր կամքի համեմատ երազանքներ ունենալն է։ Քրիստոսի աշակերտը կարող է առաջին հայացքից բարի թվացող երազանքներ ունենալ, որոնք, սակայն, նրան կարող են հեռացնել այն կանչվածությունից, որը Նրա համար պատրաստել էր Տերը։ 

Քո՝ այս երկրի վրա ծնվելուց շատ առաջ Արարիչ Աստված քեզ հետ կապված Իր երազանքներն է ունեցել: (տե՛ս Եփեսացիս 2․10 խոսքը)։

Նա քեզ հատուկ առաքելության համար է այս կյանքը պարգևել ու քեզ շնորհել է տաղանդներ և ունակություններ այդ առաքելությունն իրականացնելու համար։ Նա Իր երազանքները քո կյանքի առումով ներդրել է քո հոգևոր ԴՆԹ-ի մեջ։ Առաջարկում եմ, որ առաջիկա յոթ օրերին միասին փորձենք բացահայտել քո կյանքի համար Տեր Աստծու ունեցած ծրագրերը:

Աստված ասում է. «Կանչի՛ր Ինձ, և Ես քեզ կպատասխանեմ, և Ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել» (Երեմիա 33.3):

Աստված փափագում է քեզ «հզոր ու մեծ գործեր» ցույց տալ, որոնք Նա քեզ համար է պատրաստել: Սրանք գաղտնի բաներ չեն: Նա, անշուշտ, չի նայում քեզ Երկնքից ու մտածում. «Տեսնես Իմ զավակը կկռահի՞, թե ինչի համար եմ իրեն ստեղծել․․․»։

Ո՛չ: Աստված ուզում է քայլել քո կողքին որպես բարի Հայր և բացահայտել քեզ քո կանչվածությունը՝ քո ծառայությունն ու քո պարգևները, քո դերն ու տեղը Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու մեջ: Նա փափագում է խոսել քեզ հետ, ցույց տալ, թե ինչ երազանք ունի քո առնչությամբ, և բացահայտել Իր սրտում եղած երազանքը քո կյանքում:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր, որպես առաջին քայլ, ուզում եմ քեզ հետ կիսվել մի սկզբունքով, որը կմոտեցնի քեզ քո կյանքի իրական իմաստի ու առաքելության մեջ քո կանչվածության բացահայտմանը։ 

«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ» (Ղուկաս 16:10-12):

Որքան էլ ասածս հոգևոր չթվա քեզ, բայց Աստված, քչի մեջ հավատարիմ ասելով, նկատի ունի ֆինանսները։ Քննի՛ր քո կյանքը ֆինանսական հավատարմության հարցում։ Որքանո՞վ ես պատրաստակամ օգնելու կարիքավորներին։ Խոսքը մուրացկաններին տրվող մի քանի մանրադրամների մասին չէ, այլ ասածս իրական կարիքի մեջ լինողների հետ քո հացն ու հանդերձը կիսելու մասին է։ Որքանո՞վ ես պատրաստակամ քո ֆինանսներով աջակցելու Աստծու գործին, եկեղեցիներին ու հոգևոր ծառայություններին։ 

Ֆինանսական հավատարմության ոլորտում Տեր Աստծու վստահությանն արժանանալը առաջին քայլն է քո իրական կոչումը բացահայտելու հարցում։ Եվ սա ես չեմ սովորեցնում, այլ Տեր Հիսուսը․․․

Այսօր և առաջիկա ուղերձների մեջ աղոթելու եմ քեզ համար, որպեսզի Տերը բացահայտի քո կյանքի համար Իր երազանքը: Հույս ունեմ, որ դու նույնպես կմիանաս իմ աղոթքներին՝ առ Աստված ուղղված քո խնդրվածքներով։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես