• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 հկտ 2025 թ.

Աստվածավախությունը և քո փրկությունը

Հրապարակման ամսաթիվ 26 հկտ 2025 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք «Աստվածավախության օրհնությունները» անվանումը կրող շարքը։ Հույս ունեմ, որ այս շարքը նույնպես կնպաստի քո կյանքում հոգևոր օրհնությունների առատությանը և հավատքի աճին, ինչպես նաև Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելուն։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ խոսելու ենք աստվածավախության ու մարդու փրկության կարևորագույն հարցի միջև առկա կապի մասին։

Սիրելի՛ Ընկեր, փրկությունն ամենակարևոր հարցն է յուրաքանչյուր մարդու համար, սակայն շատ քչերն են գիտակցում փրկության ծայրահեղ կարևորությունը։ Քանի դեռ մարդը չի հավատացել հավիտենական կորստի մասին Տեր Հիսուսի ուսուցումներին ու չի հասկացել մեղքի ահավորությունը և հավիտենական տանջանքի անհույս իրողությունը, նա անկարող է լինելու գիտակցել փրկության մեծությունն ու նրա կարևորության բարձրագույն աստիճանը։ 

«Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6.23):

Մարդու փրկությունը կախված է Տեր Հիսուսի ուսուցումների հանդեպ նրա ունեցած հավատքից։ Եթե մարդը հավատում է Քրիստոսին ու Աստվածաշնչի մեջ Տիրոջ փոխանցած ճշմարտություններին, ուրեմն Նրա կյանքում հավատքի շնորհիվ գործում է Տեր Հիսուսի ողորմությունը, ներումն ու արդարացումը։ 

Եթե մարդը չի հավատում Քրիստոսի ուսուցումներին կամ հավատում է ընտրովի, այսինքն՝ ըստ սեփական հարմարության ու նախընտրությունների, և ապրում է իր կյանքն այնպես, ինչպես իրեն է հարմար, ուրեմն այդ մարդը չունի փրկություն և գնում է դեպի հավիտենական կորուստ։ 

«Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա» (Հովհաննես 3․36):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աստվածավախությունը մարդու մեջ հղկում է ճիշտ և աստվածահաճո վերաբերմունք Տեր Հիսուսի ուսուցումների և Նրա ակնկալած կյանքի հանդեպ։ Աստվածավախությունը մեր մեջ զարգացնում է մեղքի հանդեպ ատելության և մինչև արյուն թափելու չափ պատերազմելու վերաբերմունք։ Աստվածավախությունը բխում է հավատքից և մարդու մեջ զարգացնում է Տեր Աստծու կամքի ու պատվիրանների հանդեպ հնազանդության վերաբերմունք, առանց որի ոչ ոք չի կարող ընդունել Տեր Հիսուսի խաչի զոհով մեզ համար վաստակած փրկությունը։ 

«Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ Նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք» (Ելից 20.20):

Աստվածավախ մարդը հեռու է մնում մեղքից ու անիրավության կյանք ապրելուց։ Աստվածավախությունը խոսում է հավատքի առկայության մասին և ուղիղ կապ ունի մարդու փրկության հետ։ Տեր Հիսուսն էր սովորեցնում, որ Երկնքի Արքայություն մտնելու են միայն երկնային Հոր կամքը կատարողները։ Իսկ Տեր Աստծու կամքին հնազանդության կյանքով ապրելու կարևորագույն որակը կառուցվում է հե՛նց աստվածավախության վրա։ 

«Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է» (Մատթեոս 7․21):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես