Տեր Աստծուն ընդունելի լինելու պայմանը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածավախության օրհնությունները» անվանումը։ Հրաշալի օրհնություններ կան աստվածավախ մարդկանց համար, որոնց մասին խոսում է Աստվածաշունչը։ Մեր այս ուղերձի մեջ խոսելու ենք այնպիսի հրաշալի մի օրհնության մասին, որը Տեր Աստծուն ընդունելի լինելն է։
Սիրելի՛ Ընկեր, մարդիկ իրենց վերաբերմունքով ու վարքագծի արդյունքում կարող են Աստծու համար լինել ընդունելի կամ դառնալ մերժելի։ Իսկ ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Ո՞րն է այն կարևորագույն գործոնը, որը մարդուն դարձնում է Տեր Աստծու համար ընդունելի։
«Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է Նրանից ու արդարություն գործում, ընդունելի է Նրան» (Գործք Առաքելոց 10.34-35):
Աստված անաչառ է։ Նրա համար չկան հատուկ մարդիկ, որոնք Իր համար ամեն դեպքում ընդունելի են՝ անկախ իրենց պահվածքից ու արդարության կամ մեղքի կյանքով ապրելու փաստից։ Աստված աչառու չէ։ Աստծու Խոսքը հստակ սովորեցնում է՝ Տիրոջ համար ընդունելի են բոլոր մարդիկ, որոնք երկյուղում են Նրանից և արդարության կյանքով են ապրում Նրա առջև։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աստվածավախության օրհնյալ որակը մարդկանց դարձնում է Աստծու համար ընդունելի։ Աստվածավախության բացակայությունը մարդուն դարձնում է մերժելի Տեր Աստծու համար։ Պետրոս առաքյալի խոսքը Կոռնելիոսի մասին էր, որ թեև հրեա չէր և հեթանոս էր, բայց աստվածավախ էր ու Տեր Աստծու պատվիրաններին հնազանդ կյանքով ապրող մարդ էր։
Աստվածավախ մարդը Կոռնելիոսի նման ընդունելի է Տեր Աստծու համար։ Տերը Իր համար ընդունելի մարդկանց համար բազում օրհնություններ է պատրաստել։ Նա Պետրոսին նախապես պատրաստեց Կոռնելիոսի համար օրհնություն դառնալուն՝ նրան տեսիլք ցույց տալով։
Դարձի՛ր աստվածավախ, և Տեր Աստծու համար կդառնաս ընդունելի։ Տերը ամեն բան կանի քո կյանքում Իր օրհնության դռները բացելու համար, ինչպես դա արեց աստվածավախ Կոռնելիոսի պարագայում։ Տերը անաչառ է։ Նա չի նայի քո սոցիալական կարգավիճակին կամ ծագմանը, կրթության ու հայտնիության աստիճանին կամ մեկ այլ որակի։ Աստված նայում է քո կյանքում աստվածավախության առկայությանը կամ դրա բացակայությանը։
Տեր Աստծու համար ընդունելի է աստվածավախ մարդը։ Նա Իր ամենակարողությունը գործածում է աստվածավախ մարդկանց օրհնելու և նրանց կյանքում առատ հոգևոր օրհնություններ բերելու համար։