Տեր Աստծու խոստումներն ընդունելու պայմանը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածավախության օրհնությունները» անվանումը։ Աստվածաշնչում բազմաթիվ հրաշալի խոստումներ կան հավատքի և Տեր Աստծու կամքին հնազանդությանը նվիրման կյանքով ապրող մարդկանց համար։ Իսկ ո՞րն է Աստծու օրհնության խոստումներն ընդունելու նախապայմանը։
Սիրելի՛ Ընկեր, աստվածավախությունը կարևորագույն նախապայման է Տեր Աստծու խոստացած օրհնություններն ընդունելու համար։ Առանց աստվածավախության չկա սրբություն։ Առանց աստվածավախության չկա և չի կարող լինել Աստծու կամքին հարատև հնազանդություն։ Աստված Իր Սուրբ Խոսքի մեջ հստակ ասում է, որ Իր օրհնություններն աստվածավախ մարդկանց համար են։
«Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին…» (Սաղմոս 115.13):
Աստվածաշունչը սովորեցնում է նաև, որ ամենամեծ ու զորավոր օրհնություններն ամփոփվում են «երանի՜» կամ «երանելի՜» բառերի մեջ։ Երբ Աստվածաշնչում կարդում ենք այս բառերը, ապա կարող ենք հստակ ընկալել, որ խոսքը Աստծու աչքերում օրհնված, ուղիղ և Նրա բարեհաճությունը վայելող մարդկանց մասին է։ Իրականում, հե՛նց այսպիսի մարդկանց համար են պատրաստված Աստվածաշնչում Տեր Աստծու բոլոր զորավոր խոստումները։
«Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում Նրա պատվիրանները։ Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա. ուղիղների ցեղը պիտի օրհնվի։ Լիություն և հարստություն պիտի լինի նրա տանը, և նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։ Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է Տերը» (Սաղմոս 112․1-4):
«Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում Նրա պատվիրանները»: Հենց աստվածավա՛խ մարդիկ են Տիրոջ աչքերում երանելի։ Տիրոջ երկյուղն ունեցողների զավակներն ու սերունդներն են օրհնվելու։ Հենց այսպիսի՛ մարդկանց է Աստվածաշունչը «ուղիղների ցեղ» կոչում։ «Ուղիղների ցեղը պիտի օրհնվի»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս զորավոր խոստումներին տիրանալու նախապայմանը աստվածավախությունն է։ Եթե Աստծու Խոսքն այսքա՜ն շատ է կարևորում այն և շեշտադրում է դրա առկայության և Աստծու օրհնության խոստումներին տիրանալու միջև առկա ուղիղ կապը, ապա որքա՜ն կարևոր պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի համար Տիրոջ երկյուղը մեր սրտերում զարգացնելը և Աստծու կամքին հնազանդության հանդեպ մեծագույն փափագով ապրելը։
Ե՛կ նվիրվենք աղոթքի ու հոգևոր աճի աննկուն ընթացքին և փափագե՛նք աստվածավախության օրհնյալ որակը մեր սրտերում արմատավորելուն և մեր կյանքում դրա հարատև աճին ու ամրացմանը։
«Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը Նա է» (Սաղմոս115․11):
«Երանելի է այն մարդը, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի․․․» (Առակաց 28․14):
