Աստված քո սրտում ուզում է մարդկանց հանդեպ սեր տեսնել
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ խոսեցինք այն մասին, որ Աստված ուզում է մեր սրտում սեր տեսնել Իր հանդեպ։ Սակայն Տերը շատ է կարևորում նաև մարդկանց հանդեպ սերը, որը Նա ուզում է տեսնել Իրեն հավատացող յուրաքանչյուր մարդու կյանքում։
Սիրելի՛ Ընկեր, մարդկանց սիրելու մեջ ոչ մի դժվար բան չկա, քանի դեռ որևէ մեկը կամ մարդկանց որևէ խումբ թշնամաբար չի տրամադրվել քո հանդեպ։ Դժվար է սիրել, երբ քեզ չարախոսում են և սուտ լուրեր տարածում քո մասին։ Դժվար է սիրել, երբ քեզնից բամբասում են։ Դժվար է սիրել, երբ բացահայտ կերպով թշնամական վերաբերմունք են ցույց տալիս քո հանդեպ։ Դժվար է սիրել, երբ սրտիդ վերքերը դեռ չեն լավացել։ Դժվար է սիրել, երբ ինչ-որ մեկի պատճառով կյանքդ այլ ուղղությամբ է ընթացել, և այլևս հնարավոր չէ վերագտնել կորցրածն ու վերականգնել այն ամենը, ինչը բաց ես թողել։ Եվ շատ դժվար է սիրել, երբ դավաճանում են այնպիսի մարդիկ, որոնց վստահել ես քո ամբողջ սրտով․․․Եվ, այնուամենայնիվ, Աստված քո սրտում ուզում է հե՛նց այդպիսի մարդկանց հանդեպ սեր տեսնել։ «Լսել եք, թե ի՛նչ ասվեց. " Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես թշնամուդ"։ Բայց Ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև Նա Իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5․43-48)։
Երբ Տեր Հիսուսին հարցրին ամենամեծ պատվիրանի մասին, Տերը խոսեց Տեր Աստծուն ամբողջ սրտով, հոգով ու մտքով սիրելու մասին, սակայն հետո ավելացրեց, որ կա երկրորդը այս պատվիրանի նման։ Եվ դա մարդկանց սիրելու պատվիրանն է։ «Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, Նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով"։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ"։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 22․35-40):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը սիրելը կապում էր ներելու հետ։ Մենք կարողանում ենք ներել մեր ամենասիրելիներին։ Իսկ ատելի մարդուն ներելը չափազանց դժվար է լինում։ Սիրելու դրսևորումներից մեկը ներելն է և վրեժխնդիր լինելուց հրաժարվելը։ Սերը չարիք չի կամենում դիմացինին, այլ կամենում է մարդու դարձի գալն ու փրկվելը։ Սերը մերձավորի հանդեպ կարեկցանքի և օգնելու պատրաստակամության վերաբերմունքն է՝ անկախ նրանից, թե տվյալ մարդն ինչպիսի վերաբերմունք ունի մեր հանդեպ։
«Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ Նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի» (Ա Հովհաննես 4.20-21):
Աստված մեր սրտում մեր շրջապատի մարդկանց հանդեպ սեր է ուզում տեսնել, քանի որ մենք Նրա զավակներն ենք։ Աստված մեր սրտում մեր շրջապատի մարդկանց հանդեպ սեր է ուզում տեսնել, քանի որ մենք պետք է արտացոլենք մեր երկնային Հոր սերն ու գթասրտությունն անգամ Իր հանդեպ թշնամաբար տրամադրված մարդկանց նկատմամբ։ Եվ այդ սերը դրսևորվում է ներման, աղոթքի և մարդկանց՝ մեր հանդեպ թույլ տված սխալներից հետո արդար վրեժխնդրությունից ողորմածաբար հրաժարվելու որոշման մեջ։
«Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. Ես եմ Տերը» (Ղևտացիներ 19․18):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
