Աստված քո սրտում ուզում է Իր հանդեպ սեր տեսնել
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք այն մասին, որ մեղքի հանդեպ ատելությունը Տեր Աստծու հանդեպ սիրո ապացույցներից մեկն է։ Այո՛, Աստված ուզում է, որ մեր սրտերում ատելությունը փոխարինվի սիրով։
Սիրելի՛ Ընկեր, ատելությունը և սերը միշտ միասին են։ Եթե դու սիրում ես քո կողակցին, ապա պետք է ատես ամեն բան, որ կարող է ինչ-որ կերպ մրցակցել այդ սիրո հետ։ Եթե սիրում ես կնոջդ կամ ամուսնուդ, ապա պետք է ատես շնությունը, անգամ եթե այն դրսևորվում է ոչ թե ֆիզիկապես, այլ զգացմունքային մտերմության կերպով։ «Հիսուսը նրան ասաց. "Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով"։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը» (Մատթեոս 22.37-38):
Տեր Աստծու հանդեպ մարդու սերը պետք է լինի ամբողջական՝ քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով։ Այն չպետք է լինի կիսատ կամ թերի։ Աստված ամբողջական նվիրում ու սեր է ակնկալում տեսնել մեր սրտերում։
Ինչպե՞ս մարդը կարող է ստուգել, թե արդյոք իր սրտում կա այն սերն Աստծու հանդեպ, որը Տերն է ուզում տեսնել մեր էության մեջ։ Իրականում, պատասխանը շատ պարզ է։ Յուրաքանչյուր մարդ կարող է քննել իր սիրտը և բացահայտել ճշմարտությունը։
Սիրել մեկին ամբողջ էությամբ՝ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով, նշանակում է տվյալ անձի շահը, հետաքրքրություններն ու նախասիրությունները վեր դասել սեփական շահից, հետաքրքրություններից ու նախասիրություններից։
Տեր Աստծու պարագայում մեր սերը Նրա հանդեպ դրսևորվում է Նրա կամքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Եթե մենք Նրա կամքը վեր ենք դասում մեր կամքից և Նրա կամքին հնազանդվելը՝ մեր բոլոր շահերից ու ակնկալիքներից, ապա մենք Աստծուն սիրում ենք ամբողջ սրտով, հոգով ու մտքով։ Այլապես կարող ենք ասել, որ Աստծուց ավելի ենք սիրում ու Նրանից բարձր ենք դասում այն, ինչը մեզ խանգարում է Նրա կամքին հնազանդ կյանք ապրելուն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսն այս հարցում էլ մեզ հրաշալի օրինակ է թողել։ Նա Իր երկնային Հոր կամքը միշտ վեր էր դասում սեփական կամքից, շահից ու ապահովությունից։
«․․․և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ Ինձանից. սակայն ոչ թե Իմ, այլ Քո կամքը թող լինի»։ Եվ Նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր Նրան» (Ղուկաս 22.42-43):
Եթե մենք շարունակենք սիրել Աստծուն մեր ամենադժվարին ու ճգնաժամային պահերին՝ Նրա կամքը մեր կամքից ու պատկերացումներից վեր դասելով, ապա Տիրոջ օգնությունն ու զորակցությունը չի ուշանա։ Աստված իմ և քո սրտում ուզում է Իր հանդեպ ամբողջական ու անկեղծ սեր տեսնել։
«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմեացիս 8․28):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
