• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 հկտ 2025 թ.

Աստված քո սրտում ուզում է մեղքի հանդեպ ատելություն տեսնել

Հրապարակման ամսաթիվ 8 հկտ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը։ Փոխաբերական իմաստով սիրտը մեր էության կենտրոնն է։ Սիրտը մեր ամենանվիրական արժեքների շտեմարանն է։ Աստված մեր սրտում կարևոր որակներ ու հավիտենական արժեք ունեցող գանձեր է փնտրում՝ այն ամենը, ինչն արժեքավոր է Նրա տեսանկյունից։

Սիրելի՛ Ընկեր, Աստված իմ և քո սրտում ուզում է մեղքի հանդեպ ատելություն տեսնել։ Ատելությունն ու սերը հականիշներ են։ Մեղքի հանդեպ ատելությունը ապացույցն է Աստծու հանդեպ սիրո։ Աստվածաշունչը հստակ ու միանշանակ խոսում է այդ մասին և բացահայտում այն սուտը, որին հավատում են միլիոնավոր մարդիկ, իբրև թե կարելի է և՛ մեղքը սիրել և՛ սիրել նաև Աստծուն։ 

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց» (Սաղմոս 97․10):

Ինչո՞ւ է Աստվածաշունչը մեզ պատվիրում ատել մեղքը։ Ինչպե՞ս է մեղքի ու չարիքի հանդեպ մեր վերաբերմունքը որոշում՝ մենք սիրո՞ւմ ենք Աստծուն, թե՞ ոչ։ Մեղքը, անօրենությունն ու չարիքը թշնամու զենքերն են, որոնք նա գործածում է մեզ կործանելու համար։ Մեղքը մեզ մահվան է տանում։ Մեղքն ու չարիքը ատելու պատվերը Տեր Աստծու հոգատարությունն է մարդու հանդեպ։ Նա ուզում է, որ մեր կյանքը լինի Իր ապահով ձեռքերի մեջ, այլ ոչ թե մեղքի ու մահվան իշխանության ներքո։ 

«Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ» (Ա Պետրոս 2․11):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված կամենում է քո սրտում ատելություն տեսնել մեղքի հանդեպ։ Մեղքը ցանկացած մի բան է, որը դեմ է Աստծու Խոսքի մեջ մեզ հայտնված Աստծու կամքին։ Մարդն իր ներսում մի ցուցիչ ունի, որը միշտ հուշում է մեզ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որը չպիտի անեինք, կամ չենք անում այն, ինչն Աստված էր ուզում, որ անեինք։ Հենց ա՛յդ հուշման ժամանակ է երևում մեր իրական սերն Աստծու հանդեպ, որը նույնն է, եթե ասենք, որ երևում է՝ մենք սիրո՞ւմ ենք մեղքը, թե՞ ատում այն։ 

Մեղքը հայտնաբերելուց հետո է միայն երևում մեր իրական վերաբերմունքը դրա հանդեպ։ Եթե մենք սիրում ենք մեղքը, ապա փորձելու ենք լռեցնել Սուրբ Հոգու ձայնը մեր մեջ։ Մենք փորձելու ենք լռեցնել սեփական խղճի աղաղակները։ Մենք ամեն բան անելու ենք, որպեսզի արդարացնենք մեր կյանքում տեղ գտած մեղքը, քանի որ սիրում ենք այն։ Կամ փորձելու ենք թաքցնել ու ծածկել այն այնպես, որ հանկարծ ոչ մի մարդ չիմանա դրա մասին, և չենք անհանգստանալու այն Մեկի կարծիքի մասին, Ով ամեն բան գիտի և Ում համար չկա որևէ գաղտնիք։ 

Տեր Աստծու մասին ճշմարտությունն իմանալը և Նրան որպես Արարիչ ու Փրկիչ, Սիրող Հայր ու հոգատար Տեր ճանաչելն ազատում է մեզ սատանայի ստության կապանքներից ու խավարի մթությունից տանում է դեպի լույսի ազատության մեջ։ 

Եթե մարդը հավատում է Քրիստոսի սիրուն, որի ապացույցը Գողգոթայի խաչի զոհն է, ապա պետք է նաև հիշի, թե ի՛նչն էր այդ զոհի պատճառը։ Նա մեր մեղքերի համար գնաց խաչի տառապանքներին ու անասելի չարչարանքներին։ Ինչպե՞ս կարող է Նրան սիրող մարդը սիրել մեղքը, որը Տեր Հիսուսի խաչելության պատճառը դարձավ։ 

Աստված իմ և քո սրտում ուզում է մեղքի հանդեպ ատելություն տեսնել։ Գուցե մենք դեռ չենք հասել մեղքի դեմ պայքարի կատարելության աստիճանին և հաճախ ենք սխալվում ու սայթաքում։ Սակայն Աստված ո՛չ թե մեր սայթաքելուն է նայում, այլ մեղքի հանդեպ մեր վերաբերմունքին։ Մենք սիրո՞ւմ ենք մահ ծնող մեղքը, թե՞ ատում ենք այն և ուզում ենք հավատքի մեջ ամրանալ, աճել ու Տիրոջ շնորհքով հաղթել մեր կյանքում առկա բոլոր մեղքերին։ 

«Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ» (Հակոբոս 1․14-15):

Տիրոջը սիրող յուրաքանչյուր մարդ պետք է ատի մեղքը։ Մեղքի հանդեպ սերը խոսում է Տիրոջ հանդեպ սիրո անկատարության մասին։ Մեղքի հանդեպ ատելությունը վկայում է Տիրոջ հանդեպ անկեղծ սիրո մասին։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես