• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 հկտ 2025 թ.

Աստված քո սրտում ուզում է Իր Խոսքերը տեսնել

Հրապարակման ամսաթիվ 7 հկտ 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը։ Ինչպիսի՞ սիրտ է Աստված փափագում տեսնել մեր ներսում։ Ինչո՞վ պետք է լցված լինի Տեր Աստծու կամքին համահունչ ապրող մարդու սիրտը։

Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ ուզում եմ քո ուշադրությունը դարձնել աստվածաշնչյան այն փաստի վրա, որ Աստված մեր սրտում ուզում է Իր խոսքերը տեսնել։ Աստծու խոսքերը, անշուշտ, Աստվածաշնչի մեջ են։ Երբ մենք Աստվածաշունչ ենք ընթերցում, դրանք գալիս են մեր մտքի մեջ։ Երբ հասկանում ենք մեր ընթերցածը, դրանք հաստատվում են մեր մտքում։ Սակայն Աստված, այնուամենայնիվ, ուզում է, որ Իր Խոսքերը մեր սրտում հայտնվեն։ 

«Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը, որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմոս 119․11):

Իսկ ինչպե՞ս է Աստծու Խոսքը մեր մտքի տիրույթից տեղափոխվում մեր սրտի տիրույթ։ Պատասխանը գտնում ենք Հեսուին ուղղված Տեր Աստծու խոսքերի մեջ։ 

«Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս» (Հեսու 1․8):

Երբ մենք ո՛չ միայն լսում ենք Աստծու Խոսքը, ո՛չ միայն ընթերցում ենք այն և ծանոթանում Տեր Աստծու կամքին ու փոխանցած սկզբունքներին, այլև գիշեր ու ցերեկ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Նրա Խոսքը պահելու և Նրա կամքին հնազանդության կյանքով ապրելու վրա, ապա այդ խոսքերն արմատներ են գցում մեր սրտի մեջ։ 

Երբ մեր մեծագույն փափագը դառնում է Տեր Աստծու Խոսքն ու պատվիրանները պահելը և Նրա սիրտն ուրախացնող որոշումներ կայացնելը․․․, երբ մենք Աստվածաշնչի փոխանցած ուսուցումներին սկսում ենք վերաբերվել այնպիսի ուշադրությամբ ու զգուշությամբ, ինչպես մեր աչքի բիբն ենք պահպանում, ապա Տիրոջ խոսքերը գրվում են մեր սրտի մարմնեղեն տախտակների վրա։ 

«Որդյա՛կ Իմ, պահի՛ր Իմ խոսքերը և Իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։ Պահի՛ր Իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և Իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։ Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա» (Առակաց 7․1-3):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված քննում է մեր սրտերը։ Ի՞նչ է Նա տեսնում մեր սրտերում։ Ինչպիսի՞ ձգտումներ ու փափագներ։ Ի՞նչն է թանկ մեզ համար։ Ի՞նչն ենք դարձրել մեր կյանքի գանձը։ Այս երկրային հաջողությունները՝ փառքը, հեղինակությունը, հարստությունն ու երկրային բոլոր հաջողություններն ու նվաճումները ժամանակավոր են։ Ամեն բանից առավել Աստված ուզում է Իր Խոսքը և Իր խոսքերի հանդեպ հնազանդության փափագը տեսնել իմ և քո սրտում։ Ընթերցի՛ր Աստվածաշունչը։ Մտերմացի՛ր Սուրբ Գրքի հետ։ Աճի՛ր և հասունացի՛ր հավատքի քո ընթացքի մեջ։ Եվ, ամենակարևորը, թանկ գնահատի՛ր ու գանձի պես վերաբերվի՛ր այն ճշմարտություններին, որոնք Սուրբ Հոգին կհայտնի քեզ Աստվածաշնչի էջերում։ 

Գիշեր ու ցերեկ խորհի՛ր ու մտորի՛ր քո ընկալած ճշմարտությունների շուրջ, և պահի՛ր ու կատարի՛ր այն ամենը, որ Տեր Հիսուսը կհայտնի քեզ Իր խոսքերի մեջ։ Թո՛ւյլ տուր, որ Քրիստոսի Խոսքն առատապես բնակվի քո սրտում։ 

«Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ…» (Կողոսացիս 3․16):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես