Աստված քո սրտում ուզում է խոնարհություն տեսնել
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը։ Տեր Աստծուն սիրող մարդկանցից շատ շատերը կուզենային իմանալ, թե ո՛րն է Տիրոջ կամքն իրենց կյանքի համար։ Ինչպիսի՞ սիրտ է Աստված փափագում տեսնել մեր ներսում։ Ինչո՞վ պետք է լցված լինի Տեր Աստծու կամքին համահունչ ապրող մարդու սիրտը։ Ահա այս հարցերի պատասխաններն ենք փորձելու գտնել Աստվածաշնչի օգնությամբ առաջիկա յոթ ուղերձների մեջ։
Սիրելի՛ Ընկեր, այս շարքի առաջին ուղերձի մեջ ուզում եմ շեշտադրել մի որակ, որը հատուկ էր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ես համոզված եմ, որ հե՛նց այս որակն է Աստված ուզում տեսնել մեր սրտերում։ Մենք գիտենք, որ մեր հավատքի աճի ու հավատքի կյանքում հասունության չափանիշը Տեր Հիսուսին նմանվելու մեր աստիճանն է։
«Եվ Նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի Նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը» (Եփեսացիս 4.11-15):
Աստված մեր սրտում ուզում է խոնարհություն տեսնել։ Աստված կամենում է Իր Որդու խոնարհության արտացոլանքը տեսնել մեր մեջ։ Խոնարհությունն այն բանալին է, որը մեզ տանում է դեպի Տեր Աստծու հետ ավելի խորը և մտերիմ հարաբերությունների։ Տերը հե՛նց այսպիսի մտերիմ հարաբերություն ու հաղորդակցություն է ուզում ունենալ ինձ և քեզ հետ։
«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15):
Տեր Հիսուսը հորդորում էր Իրենից սովորել հեզություն և խոնարհություն։ Նա գիտեր, որ միայն խոնարհության առկայության պարագայում է, որ մարդը կարող է խաղաղություն և հանգիստ գտնել այս կյանքում։
«․․․Ինձնի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11․29):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, խոնարհությունը դրսևորվում է մյուս մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Խոնարհությունը դրսևորվում է, երբ մենք սիրո ու հոգատարության վերաբերմունք ունենք ընկածների ու կարիքի մեջ լինողների հանդեպ։ Խոնարհությունը մեր անձը մյուսներից բարձր չդասելն է։ Խոնարհությունը մարդկանց ծառա չլինելով՝ մարդկանց կարիքներին սրտանց ծառայելն է։
Խոնարհությունը դրսևորվում է նաև Տեր Աստծու հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Խոնարհությունը Տիրոջ պատվիրաններին հնազանդության վերաբերմունք ունենալն է։ Խոնարհությունը չարիքից ու անօրենությունից հեռանալն է ու աստվածավախության կյանքով ապրելը։
«Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում» (Առակաց 15․33):
Աստված ամեն բանից առաջ ուզում է քո սրտում խոնարհություն տեսնել։ Քննի՛ր քո վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Քննի՛ր քո վերաբերմունքը Տեր Աստծու պատվիրանների հանդեպ։ Ձգտի՛ր նմանվել Տեր Հիսուսին և Նրանից սովորել խոնարհություն ու հեզություն, որոնք Տեր Աստծու հետ մտերմության և Նրանից շնորհք ու օգնություն ընդունելու բանալիներն են։ «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4:6)։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
