• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 սպտ 2025 թ.

Քո փրկության զորավոր ամրոցը

Հրապարակման ամսաթիվ 27 սպտ 2025 թ.

Մենք մոտենում ենք «Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից» անվանումը կրող շարքի ավարտին։ Այսօր խոսելու ենք այն անպատմելի ապահովության մասին, որը կա Տեր Աստծուն սիրող ու Նրա կամքին հնազանդվելու փափագ ունեցող մարդկանց համար։ «Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ։ Տերն Իր ժողովրդի զորությունն է. Նա է փրկության զորավոր ամրոցն Իր օծյալի համար։ Փրկի՛ր Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան» (Սաղմոս 28․6-9):

Սիրելի՛ Ընկեր, իսկ քեզ համար Աստված արդյոք փրկության զորավոր ամրո՞ց է, թե՞ ոչ։ Որքա՜ն հիասթափված մարդիկ եմ տեսել, որոնք կարծել են, որ եթե կրկնեն այս բառերը՝ «Տերը իմ փրկության զորավոր ամրոցն է», ապա դա նրանց կյանքում կդառնա իրականություն։ Ճշմարտությունն այն է, որ հոգևոր կյանքում չկան կախարդական բառեր, որոնք կրկնելը քո կյանքում զորավոր օրհնություններ է բերելու։ Սա խաբեություն է, և նման կերպով ոչ մի մարդ չի կարող ընդունել Տեր Աստծու ապահովությունը։ 

Իսկ ո՞վ կարող է ասել, որ Աստված իր փրկության զորավոր ամրոցն է։ Ինչպե՞ս է մարդն ընդունում Տիեզերքի ամենազորեղ Անձի՝ Արարիչ Աստծու պաշտպանությունն ու ապահովությունը։ Աստվածաշունչը պատասխանում է նաև այս հարցին։ 

«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է Նրան» (Սաղմոս 34․7-8):

Աստվածավախ մարդիկ, որոնք չեն ապրում խավարի մեջ՝ թաքուն մեղքի կյանքով, այլ խոստովանում են իրենց մեղքերը, դրանք բերում լույսի մեջ, Աստծու առանձնահատուկ պաշտպանության ներքո են։ Մեղքը սիրող և մեղքի դեմ չպայքարող մարդիկ չեն կարող լինել աստվածավախ և, հետևաբար, չեն կարող վայելել Տեր Աստծու ապահովությունն ու պաշտպանությունը, որոնք պատրաստված են աստվածավախ մարդկանց համար։ 

«Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. Նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան» (Սաղմոս 121.5-8):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ քո սրտում կա՞ խաղաղություն, որը բխում է Տեր Աստծու պաշտպանության ներքո լինելու ապահովությունից։ Դու աստվածավա՞խ մարդ ես, թե՞ ապրում ես ո՛չ թե Տեր Աստծու, այլ քեզ հաճեցնելու փափագով։ 

Այսօր իմ աղոթքն է քեզ համար, որ կարողանաս հստակ ու վստահ ասել այս խոսքերը՝ «Տերը իմ փրկության զորավոր ամրոցն է»։ Եվ Աստված էլ Երկնքից արձագանքի քեզ․ «Այո՛, դու Իմ զավակն ես, որ հավատում է Իմ Խոսքին ու ձգտում հնազանդվել Իմ կամքին»։ Իրական խաղաղությունը բխում է Տեր Աստծու պաշտպանության ներքո լինելու ապահովությունից։ 

«Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. Նա իմ ապավենն է» (Սաղմոս 18․2):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես