Աշխարհի ամենազորեղ ազգը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից» անվանումը։ Աստվածաշունչը երբե՛ք դեմ չի խոսում հայրենասիրությանը։ Մենք պետք է սիրենք մեր երկիրը և մեր ժողովրդին։ Հայրենասիրությունը կարևոր որակ է հասարակության առողջ վիճակին հասնելու համար։ «Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ։ Տերն Իր ժողովրդի զորությունն է. Նա է փրկության զորավոր ամրոցն Իր օծյալի համար։ Փրկի՛ր Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան» (Սաղմոս 28․6-9):
Սիրելի՛ Ընկեր, Քրիստոսին հավատացող մարդու կյանքում ամեն սեր պետք է իր տեղում լինի։ Երեխաների հանդեպ սերը չպետք է մրցակցի կողակցի կամ ծնողների հանդեպ սիրո հետ։ Դրանք տարբեր հարթություններում են։ Ընկերների հանդեպ սերը չպետք է մրցակցի բարեկամների հանդեպ սիրո հետ։ Դրանք նույնպես տարբեր հարթություններում են։ Նմանապես, Տեր Աստծու հանդեպ սերը չպետք է մրցակցի հայրենասիրության հետ։ Դրանք բացարձակապես տարբեր հարթություններում են։ Յուրաքանչյուր սեր մարդու կյանքում իր ուրույն տեղն ունի և չի կարող մրցակցել այլ հարթության մեջ գտնվող սիրո հետ։
Իրական հայրենասիրությունն ամրապնդվում է Տեր Աստծու հանդեպ սիրո շնորհիվ։ Երբ մենք սիրում ենք Աստծուն ու մտերմանում ենք Նրա հետ՝ ճանաչելով Նրա կամքն ու հավատքի աճին զուգահեռ սովորելով Նրա կամքին հնազանդության ընթացքով ապրելը, ապա Աստված էլ Իր մտերիմ զավակներին սկսում է հայտնել ո՛չ միայն անհատների, այլև ամբողջ ազգերի օրհնության ու բարգավաճման հոգևոր գաղտնիքները։
«Տերն Իր ժողովրդի զորությունն է»։ Այո՛, ազգը զորավոր է, երբ կարող է վստահաբար հայտարարել, որ Արարիչ Աստված Իր ժողովրդի Տերն է։ Անշուշտ, միայն մեկ ճշմարիտ Աստված կա։ Չկան ազգերի աստվածներ։ Դրանք հորինվածքներ են՝ մարդկային մտքի ու երևակայության արդյունքում կերտված կերպարներ։ Կա միայն մեկ ճշմարիտ Աստված՝ Աստվածաշնչի Հեղինակը, որ Ինքն Իրեն բացահայտում է մարդկությանը հենց Ի՛ր հեղինակած Սուրբ Գրքի մեջ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իրական հայրենասիրությունը քո ազգի ու քո երկրի օրհնության հարցում քո մասնաբաժինն ունենալու մեջ է։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել մեր երկրի ու մեր ժողովրդի օրհնվելուն և կարող է նաև Տեր Աստծու բարկության դրսևորման պատճառ դառնալ։ Ամեն բան կախված է Տեր Աստծու կամքի հանդեպ մեր վերաբերմունքից։ Ամեն բան կախված է նրանից, թե մենք մեղքի հաճույքի համա՞ր ենք ապրում այս կյանքը, թե՞ հաճույք ենք ստանում Աստծու կամքը Աստվածաշնչի մեջ ճանաչելուց ու Նրա կամքին հնազանդության ընթացք ապրելուց։
«Երբ շատանում են արդարները, ժողովուրդն ուրախանում է, բայց երբ անիրավն է իշխում, ժողովուրդը հառաչում է» (Առակաց 29․2):
Ամենազորեղ ազգն այն ազգն է, որի Աստվածը Տերն է։ Եվ այս ճշմարտությունը դրսևորվում է ոչ միայն բառերով, այլև գործերով՝ ապրելակերպի ու սկզբունքների, արժեհամակարգի ու վարքագծի քրիստոնեացմամբ։ Քրիստոնյան պետք է նախ ճանաչի, հետո՝ հարգի Քրիստոսի պատվիրանները, իսկ ամենակարևորը՝ հնազանդվի այդ պատվիրաններին։
«Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին Նա Իր համար ժառանգություն ընտրեց» (Սաղմոս 33․12):
Իրական հայրենասիրությունը մարդուն պետք է մղի իր երկրի ու իր ժողովրդի համար օրհնության միջոց դառնալուն։ Իսկ Քրիստոսով լուսավորվածները գիտեն դեպի օրհնություն տանող ուղին։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
