Գոհության և օրհներգության գաղտնիքը
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից» անվանումը։ Այս հրաշալի աստվածաշնչյան հատվածից մենք արդեն ընդունել ենք մի շարք քաջալերանքներ և դասեր։ Աստված լսում է մեր աղաչանքի ձայնը։ Նա մեր զորությունն է և մեր վահանը։ Մեր սիրտը Նրան է հուսացել։ Իսկ այս ուղերձի մեջ խոսելու ենք գոհության և Տեր Աստծուն ուղղված օրհներգության մասին։ «Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ։ Տերն Իր ժողովրդի զորությունն է. Նա է փրկության զորավոր ամրոցն Իր օծյալի համար։ Փրկի՛ր Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան» (Սաղմոս 28․6-9):
Սիրելի՛ Ընկեր, այսօր ինձ համար գոհանալու և Տեր Աստծուն օրհներգելու առանձնահատուկ օր է։ Իմ առաջնեկի՝ որդուս լույս աշխարհ գալն իմ և կնոջս աղոթքների պատասխանն էր։ Եվ ես կարող եմ վստահաբար վկայել, որ Աստված լսեց մեր աղոթքներն անգամ այն ժամանակ, երբ մենք շատ հեռու էինք Իրենից։ Քսանչորս տարի առաջ Նա արձագանքեց մեր աղաչանքին՝ գերբնական կերպով բժշկելով այնպես, որ ոչ մի բժշկագիտական տրամաբանություն ու օրենք չէր կարողանում բացատրություն տալ այդ բժշկությանը։ «Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ»։
Սակայն սա գոհանալու միակ առիթը չէ։ Այսօր իրապես առանձնահատուկ օր է ինձ համար, քանի որ իմ արձագանքը Տեր Աստծու կատարած հրաշքին իմ ապաշխարությունն էր։ Ես վայր դրեցի աշխարհասիրության և ինքնակամ աստվածապաշտության իմ բոլոր զենքերը։ Մինչ այդ պահն էլ ես հավատում էի Աստծուն։ Եթե չհավատայի, աղաչանքս Նրան չէի ուղղի։ Սակայն Տեր Աստծու հանդեպ հավատքի հետ ես փորձում էի համատեղել իմ՝ ոչ աստվածաշնչյան կենսակերպը և ունեի բոլոր տրամաբանական արդարացումները, թե ինչու ես չեմ կարող ապրել հավատացյալի կյանքով։
Ես վայր դրեցի բոլոր զենքերս։ Իմ ապաշխարությունը նախկին Արման Մանուկյանի լիակատար կապիտուլյացիան էր ամենակարող Աստծու առջև։ Ես հիմա եմ հասկանում, որ այն ժամանակ ես մահացա, ու մի նոր Արման Մանուկյան շարունակեց ապրել իր որդու լույս աշխարհ գալու օրը․․․ Նոր, քանի որ արմատապես փոխվեց իմ մոտեցումը Աստծուն ու մարդկանց։ Փոխվեց իմ արժեհամակարգը ու դարձավ քրիստոնեական։ Փոխվեցին սկզբունքներս ու դարձան աստվածաշնչյան։ Փոխվեցին երազանքներս, ու փոխվեց իմ կյանքի իմաստը։ Իրական ու միակ ճշմարիտ Աստծուն հանդիպելուց հետո Տեր Հիսուսի աշակերտի կյանքով ապրելը՝ Նրա կամքը ճանաչելը և Նրա պատվիրաններով ու հանձնարարություններով ապրելը դարձավ իմ սրտի մեծագույն փափագը։ Եվ այս բոլոր տարիների ընթացքում ես աճում եմ ու դեռ աճելու շատ տեղ ունեմ, որպեսզի ամեն օր իմ որոշումներով, ծառայությամբ ու Տիրոջ կամքին հնազանդությամբ ուրախացնեմ իմ Փրկիչ Աստծու՝ անսահման խորը սիրով լցված թանկագին սիրտը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ քո կյանքում դու ունե՞ս պատասխանված աղոթքներ, որոնք, հաստատ համոզված ես, որ պատահականության արդյունք չեն, այլ Տերն է միջամտել ու օգնել քեզ։ Մարդը մոռանալու հակում ունի։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք Տիրոջ արած բարիքները, եթե անգամ մեր հերթական աղաչանքը մեր դժվարությունը դեռ չի վերածել հզոր մի վկայության։
Երախտագիտությունը ծնում է օրհնաբանություն։ Գոհությունն ու օրհնաբանությունը խոսում են քո երախտագիտության մասին, ինչը ճանապարհ է բացում քո մյուս աղոթքների պատասխանների և Տեր Աստծու գերբնական միջամտությունների համար։ «Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ»։
«․․․ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով» (Կողոսացիս 3․16):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
