Ո՞ւմ վրա է քո հույսը նեղության ժամանակ
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից» անվանումը։ Երևի թե չկա մի այնպիսի մարդ, որ չի անցել կյանքի դժվարին նեղություններով։ Մեր կյանքի ամենածանր պահերին կարևոր է ստեղծված իրավիճակներից դուրս գալու հույսը չկորցնելը։ Հույսը ուժ է տալիս առաջ շարժվելու համար։ Հույսը համբերություն է ծնում, և մարդը շարունակում է ելք փնտրել իր կյանքի փակուղուց։ Եվ այս ամենով հանդերձ՝ շատ կարևոր է, թե ո՞ւմ վրա ենք մենք հույս դնում մեր կյանքի նեղությունների ժամանակ։ «Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ։ Տերն Իր ժողովրդի զորությունն է. Նա է փրկության զորավոր ամրոցն Իր օծյալի համար։ Փրկի՛ր Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան» (Սաղմոս 28․6-9):
Սիրելի՛ Ընկեր, վերը բերված հատվածում սաղմոսերգուն ասում է, որ նրա սիրտն Աստծուն է հուսացել։ Էլ ո՞վ կարող է լավագույնս օգնել մարդուն, եթե ոչ ամենակարող Աստված։ Ո՞վ կարող է ելք ցույց տալ կյանքի ծանրագույն իրավիճակներից, եթե ոչ այդ կյանքը պարգևած Տերը։ Ո՞վ կարող է զորացնել տկարացածին ու ոտքի կանգնեցնել ընկածին․․․«Տեր Աստծու Հոգին Ինձ վրա է, որովհետև Տերն օծել է Ինձ՝ ավետիս տալու հեզերին, Ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին» (Եսայիա 61․1):
Տեր Աստծուն հուսացած մարդիկ երբե՛ք ամոթով չեն մնա։ Աստված մեր հույսի ամենավստահելի աղբյուրն է։ Մարդիկ փոփոխական են։ Հարստությունը, մարդկային փառքն ու հեղինակությունը՝ ժամանակավոր։ Միայն Տեր Աստված է հավիտենական և անփոփոխ։ Նա կատարյալ է։ Նրանն է ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա։ Նա տիրում է մարդկության պատմության, ինչպես նաև՝ իմ և քո կյանքի ընթացքի վրա։ «Ահա Իմ ծառան, որին Ես նեցուկ կլինեմ, Իմ ընտրյալը, որին հավանություն է տվել Իմ անձը։ Ես Իմ հոգին դրել եմ Նրա վրա, Նա իրավունք պիտի բերի ազգերին։ Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, Իր ձայնը լսել չի տա փողոցում։ Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, Նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։ Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ չհաստատի իրավունքը երկրի վրա. ծովեզրերը սպասում են Նրա օրենքին» (Եսայիա 42․1-4):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո բոլոր նեղությունների մեջ քո հույսը Տեր Աստծու վրա դիր։ Քո սիրտը թող Նրա՛ն հուսա։ Ապրի՛ր այս կյանքը Տեր Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու փափագով։ Աստված առանձնահատուկ վերաբերմունք ունի աստվածավախ մարդկանց հանդեպ։ Աստված փափագում է օգնել Իր բոլոր նվիրյալ զավակներին, որ սպասում են Նրա ողորմությանը։
«Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։ Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։ Ահա Տիրոջ աչքն Իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են Նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։ Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. Նա է մեր օգնությունն ու վահանը» (Սաղմոս 33․16-20):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
