Լավ է լինելու…
Երբևէ երազե՞լ ես ժամանակի մեքենայով կամ ինչ-որ մի հրաշքով վերադառնալ քո անցյալ, որպեսզի ուղղես քո թույլ տված սխալները, այլ որոշումներ կայացնես կամ պարզապես ևս մեկ անգամ վերապրես ուրախ ժամանակներդ։
«Եվ Ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, Իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ» (Հովել 2․25)։
Սիրելի՛ Ընկեր, ժամանակն այնքան արագ է հոսում, որ մենք նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպես են տարիներն անցնում։ Աշխատանքային, ընտանեկան և շատ այլ պարտականությունների ճնշման ներքո օրերն ու շաբաթներն ուղղակի թռչում են սրընթաց արագությամբ։ Երբեմն այս խելահեղ մրցավազքի մեջ մենք մի կողմ ենք դնում մեր երբեմնի երազանքները, քանի որ ժամանակը երբեք չի բավականացնում դրանց իրագործմանը նվիրվելու համար։
Ես չգիտեմ՝ դու քանի տարեկան ես և ի՛նչ երազանքներ ես ունեցել նախկինում։ Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ եթե մի պահ դադար վերցնես, առանձնանաս Տեր Աստծու հետ և կյանքդ դարձնես Նրա սահմանած ռիթմին համահունչ, ապա Աստված կարող է փոխհատուցել քո կորցրած ժամանակը։ Նա կարող է վերադարձնել քեզ այն տարիները, որոնք կորցրել ես անպտուղ վազվզուքի մեջ։
Դեռ ուշ չէ։ Աստծո հետ երբե՛ք ուշ չէ։ Եթե Նա քո մեջ դրել է որոշակի շնորհներ, կարողություններ ու պարգևներ, ապա դու դրանք առաջին հերթին Տեր Աստծո անվան փառքի համար պետք է գործածես։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հավատա՛ Տիրոջ այս խոստմանը։ Սկսի՛ր որոնել Աստծու երազանքը քո կյանքի համար։ Քա՛յլ արա դեպի քո երազանքների իրականացումը։ Եթե դու Քրիստոսի աշակերտն ես և երկնային Հոր զավակը, ապա երբե՛ք ուշ չէ նոր սկիզբ ունենալու համար։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
