Լավ է լինելու…
Երբևէ լսե՞լ ես, թե ինչպես է մայրն արձագանքում, երբ երեխան վայր է ընկնում ու սկսում լաց լինել, ինչպես է նա գրկում երեխային, բարձրացնում, ստուգում վնասվածքները և հետո քաջալերում ու մխիթարում նրան։
Սիրելի՛ Ընկեր, ինձ շատ է դուր գալիս, երբ մայրն իր երեխային հանգստացնելիս ասում է. «Մի լացի՛ր, ամեն բան լավ կլինի, այս ամենը շուտով կանցնի․․․»։
Եթե դու էլ կյանքի քո ընթացքի մեջ սայթաքել ես, վայր ընկել ու ցավից փոքր երեխայի պես ուզում ես լացել, ապա այս առավոտ առաջարկում եմ լսել, թե ի՛նչ է քեզ ասում քո երկնային Հայրը․ «Իմ գրկում մնա՛․․․, ամեն բան կանցնի, ամեն բան լավ է լինելու…»։
-
Երեխաներդ անկառավարելի՞ են դարձել: Նյարդերդ այլևս չե՞ն բավականացնում։ Նրանց համար Քրիստոսի հավատարիմ աշակերտի օրինակ եղի՛ր։ Համբերի՛ր և հույսդ Տեր Աստծու վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։
-
Ունես վճարումներ, սակայն չգիտես, թե ինչպես և ինչ գումարով ես դրանք անելո՞ւ։ Աղոթի՛ր, աշխատանք փնտրի՛ր, դարձի՛ր կարգապահ ու պարտաճանաչ, բարեխղճորեն կատարի՛ր ցանկացած հանձնարարված աշխատանք և այդ ամենի մեջ հույսդ Տեր Աստծու վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։
-
Վախե՞ր ունես՝ առողջությանդ, երեխայիդ կամ քո սիրելի մեկի առնչությամբ։ Ձգտի՛ր ապրել այնպես, որ քո կյանքը Տեր Աստծուն հաճելի լինի։ Վստահի՛ր քո երկնային Հոր խոստումներին, մի՛ հավատա սուտ մտքերին և հույսդ Տեր Աստծու վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։
-
Դժվարին որոշում կայացնելու առջև ես կանգնած և չե՞ս կողմնորոշվում, թե ո՛րն է ճիշտ ընտրությունը։ Իմաստություն խնդրի՛ր Տիրոջից, աստվածաշնչյան սկզբունքները դարձրու քո որոշման հիմքը և հույսդ Տեր Աստծու վրա դիր։ Ամեն բան լավ է լինելու։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ամեն բան լավ է լինելու, որովհետև դու որոշել ես ապրել այս կյանքը ոչ թե մյուս մարդկանց նման, այլ որպես Քրիստոսի աշակերտ։ Աստծու խոստումները Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած Նրա հավատարիմ աշակերտների համար են։
«Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով արարվեց, սակայն աշխարհը Նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։
Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1.10-13):
Մեր վերքերի ու ցավերի, անկումների ու անհաջողությունների մեջ հրաշալի է գիտակցել, որ մեր բարի Հայրը հոգ է տանում մեզ համար։ Նա քեզ հետ է, Նա պաշտպանում է քեզ, Նա միջամտելու է քո իրավիճակին Իր գերբնական հպումով, և ամեն բան լավ է լինելու։ Ամեն բան լավ է լինելու, քանի որ Աստված, Ում հուսացել ես քո ողջ էությամբ, տիրում Է ողջ տիեզերքում և նաև՝ քո կյանքի յուրաքանչյուր իրավիճակի մեջ։
Ընդունի՛ր Նրա խաղաղությունը, Նրա օգնությունն ու առաջնորդությունը։ Հենց սա՛ է այսօրվա իմ աղոթքը քեզ համար։ Ամեն բան լավ է լինելու․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
