Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր
Շարունակում ենք «Իմաստություն և դասեր Առակաց 3.5-8 հատվածից» անվանումը կրող ուղերձների շարքը։ Այս շարքի վերջին երեք ուղերձներն աստվածաշնչյան երեք խորհուրդների մասին են լինելու, որոնք ընդունելու և կյանքի կոչելու պարագայում մի զորավոր խոստում է քո կյանքում իրականություն դառնալու։ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի» (Առակաց 3․5-8):
Սիրելի՛ Ընկեր, այդ երեք խորհուրդներից առաջինը հետևյալն է՝ «Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր․․․»։ Որպեսզի Տեր Աստծուն ապավինես քո ամբողջ սրտով և քո պատկերացումներով չապրես այս կյանքը, դու պետք է ընդունես, որ Աստծու Խոսքի փոխանցած սկզբունքներն ու ճշմարտություններն անհամեմատ բարձր են քո ունեցած պատկերացումներից։ «Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր․․․»։
Որպեսզի Քո բոլոր ճանապարհներին ճանաչես Աստծուն, և Նա ուղղի քո ճանապարհները, նախ պետք է ընդունես, որ Նրա խորհուրդների կարիքն ունես։ Պետք է դառնաս Քրիստոսի հավատարիմ աշակերտը և աշակերտի խոնարհությամբ ու կարգապահությամբ սովորես Տեր Աստծու կամքն Աստվածաշնչի օգնությամբ և ամեն ջանք անես, որպեսզի աճես ու ամրանաս հավատքի կյանքում ու ապրես Աստծու կամքին հնազանդության մեջ։ Այս ամենի առաջին քայլը մեր գիտելիքների սահմանափակ լինելն ընդունելն է և Աստծու ամենագիտության փաստը գիտակցելը։ «Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր․․․»։
«Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է» (Գաղատացիներին 6.3):
«Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից» (Առակաց 26.12):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սեփական աչքերում իմաստուն երևալը և սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալը հպարտության արտացոլանքն է և ապացույցը։ Աստվածաշունչը մեզ հորդորում է մնալ խոնարհության մեջ։ Աստված հպարտներին միշտ հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Եթե մարդն Աստծուց որևէ բան է խնդրում կամ ակնկալում Նրա օգնությունը, ապա առաջին հերթին պետք է քննի իր սիրտը, և եթե այնտեղ հպարտություն ու ինքնահավանություն կա, ապա նախ պետք է խոնարհեցնի իր անձը, որպեսզի Աստծուց ընդունի իր խնդրվածքը։
«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4:6)։
«Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
