• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 սպտ 2025 թ.

Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը

Հրապարակման ամսաթիվ 8 սպտ 2025 թ.

Այս ուղերձով մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը հիմնված է Առակաց 3․5-8 հատվածի վրա և կրում է «Իմաստություն և դասեր Առակաց 3.5-8 հատվածից» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձների մեջ մենք փորձելու ենք միասին քննել և ուսումնասիրել աստվածաշնչյան այս հրաշալի հատվածի փոխանցած խորհուրդները և ընդունել դրանցում պարփակված իմաստությունը։«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի» (Առակաց 3․5-8):

Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ մենք կենտրոնանալու ենք «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը» խոսքերի վրա։ Հրաշալի խոստումներ կան Աստվածաշնչում այն մարդկանց համար, որոնք իրենց կյանքի ճգնաժամային պահերին ապավինում են Աստծուն՝ իրենց օգնությունը Նրանից են ակնկալում և իրենց փրկության ու ազատագրության հույսը Նրա վրա են դնում։ 

«Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա» (Առակաց 29.25):

Տիրոջն ապավինողները ապահովության մեջ են։ Նրանց կյանքում կա վստահություն, քանի որ ճանաչում են Աստծուն, գիտեն, որ Աստված կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում և անհնարին է, որ Աստծու Խոսքը չեղարկվի, եթե մենք բավարարենք Նրա տված խոստման պայմաններին։ 

«Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, Նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․28-31):

«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը»: Ամբողջ սրտով ապավինելը նշանակում է, որ քո հույսն ամբողջովին պետք է Տեր Աստծու վրա լինի և օգնություն ընդունելու քո ողջ ակնկալիքը Նրանից պետք է լինի։ Քո սրտում տեղ չպետք է ունենան կասկածներն ու վախերը։ 

Թշնամին կարող է վախի ու կասկածի մտքեր ուղարկել քեզ, սակայն, որպես հմուտ հոգևոր զինվոր, դու պետք է կարողանաս տարբերել չարի ուղարկած մտքերը քո սրտում տեղ ունեցող մտքերից։ Դրանք քո մտքերը չեն։ Երբե՛ք քո սրտում տեղ չտաս կասկածի ու վախի մտքերին։ Հատկապես վտանգավոր են այն մտքերը, որոնք աղավաղում են Տեր Աստծու աստվածաշնչյան բնութագիրը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հստակ նկարագրում է, թե ինչպիսի՛ն է Աստված և ինչու է Նա վստահելի։ Աստվածաշունչը մեզ անսասան ու անխափան ճշմարտություններ է փոխանցում։ Եվ ահա դրանցից ևս մեկը, որն ինձ և քեզ թող քաջալերի, որ մեր բոլոր դժվարությունների մեջ ու կյանքի ճգնաժամային իրավիճակներում մեր հույսը միայն ու միմիայն Տեր Աստծու վրա դնենք և մեր ամբողջ սրտով Նրան ապավինենք։ «Թշնամիներս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են իմ դեմ ամբաստանությամբ կռիվ անողները։ Որ օրը որ վախենամ, հույսս Քեզ վրա պիտի դնեմ։ Աստծով պիտի գովեմ Իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը» (Սաղմոս 56․2-4):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես