Հակաքրիստոսը և իր ծառաները
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին» անվանումը։ Զարմանալի է, սակայն Աստվածաշունչը նկարագրում է թե՛ հակաքրիստոսի և թե՛ նրա ծառաների հոգևոր կերպարանքը։ Արտաքինից նրանք շատ նման են լինելու հոգևոր մարդկանց։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչն այդ նմանությունը արդարության պաշտոնյաների հետ է համեմատում։ Ահա՛, թե ինչ է մեզ փոխանցում Աստված Պողոս առաքյալի գրվածքների միջոցով․«Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու» (Բ Կորնթացիս 11․13-15):
Մեր օրերի ամենավտանգավոր քարոզներից մեկը համահավասարության քարոզն է։ Այն խոսում է բոլորին սիրելու մասին։ Այդ սիրո քարոզությունը կարծես ուսուցանի սիրել թե՛ լույսի որդիներին և թե՛ լույսի որդիներին մոլորության մեջ տանող ու իրենց սխալ քարոզությամբ Արքայության գործին վնասող ծառայողներին։
Հակաքրիստոսին ու նրա ծառաներին տարբերելու լավագույն միջոցը Տեր Հիսուսի ու Նրա աշակերտների մոտեցումներին ծանոթանալն է։ Տերը նո՛ւյնպես սովորեցնում էր սիրել։ Թե՛ Տերը և թե՛ Նրա հավատարիմ աշակերտները սիրում էին մարդկանց՝ հավատացյալներին ու մեղավորներին, բայց խստորեն հանդիմանում ու բացահայտում էին նաև կեղծ հավատացյալներին, որոնք իրենց ուսուցումներով մարդկանց դեպի կործանում էին տանում։
«Բայց վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ որբևայրիների ունեցածն եք ուտում և ցուցադրաբար երկար աղոթում. դրա համար խստորեն եք պատժվելու։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում» (Մատթեոս 23․13-15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իրականությունն այն է, որ բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց հոգևոր են ներկայացնում, բացարձակապես հոգևոր չեն։ Նրանց ուսուցումներն ավելի շատ կվնասեն քեզ։ Ձեռքում Աստվածաշունչ պահելը մարդուն դեռ չի դարձնում քրիստոնյա։ Հոգևոր ուսուցում կամ քարոզ փոխանցելը նրան դեռ չի դարձնում արդարության պաշտոնյա։ Անգամ մեկին ավետարանելն ու նրան նորադարձ դարձնելը դեռ չի նշանակում, որ Երկնքում ուրախություն է մեկ մեղավորի ապաշխարության համար։ Ամեն բան որոշում է այն, թե տվյալ ծառայողը, որը պետք է խնամք տանի այդ նորահավատի համար, գեհենի՞ որդի է, թե՞ լույսի զավակ։
«Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն» (Ա Հովհաննես 2․18-19):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
