Քո օրհնությունները սպասում են քեզ
«Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ» (Հեսու 18.3):
Սիրելի՛ Ընկեր, ժամանակն է ոտքի կանգնելու, առաջ ընթանալու և մուտք գործելու քեզ համար Տեր Հիսուսի տված խոստումների օրհնությունների մեջ։
Երկնային օրհնությունների առատ պաշարը պահված չէ միայն հատուկ ընտրյալների կամ օծյալների համար։ Որպես Աստծու զավակի՝ քեզ փառահեղ ժառանգություն է թողնված։ Այսօր ընդունի՛ր Աստծու խոստումների իրականացումը քո կյանքի համար, քանի որ այն, ինչ Աստված խոստանում է, Նրա ձեռքն էլ կատարում է։
Գուցե քո ֆիզիկական աչքերով դեռ չես տեսնում Աստծու ծրագրերի տեսանելի դրսևորումները, բայց դա չէ այն ամենակարևորը, որը պետք է տեսնես։
Դու նախ պետք է քննես քո անձը, քո հոգևոր ընթացքը և քո վերաբերմունքը Աստծու Խոսքի ու Նրա կամքի հանդեպ։ Դու նախ պետք է համոզվես ու տեսնես, որ կատարում ես Աստծո խոստումները ժառանգելու պայմանները։ Դրանից հետո պետք է աղոթես ու աղոթքով նվաճես քեզ խոստացված տարածքները։ Ճանապա՛րհ ընկիր, առա՛ջ գնա և ընտրի՛ր անմնացորդ վստահելն այն Միակին, Ով քեզ կանչել է, որպեսզի կյանք ունենաս և առատությամբ ունենաս այն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հենց հիմա ընդունի՛ր Աստծու զորությունը, Սուրբ Հոգու օծությունը և Նրա համարձակությունը, որպեսզի կարողանաս մուտք գործել քեզ խոստացված օրհնությունների ժամանակաշրջանի մեջ։ Քեզ նոր կյանք է սպասվում, եթե որոշես ապրել Աստծու կամքի համեմատ, որը բարի է, հաճելի և կատարյալ։
Աղոթիր ինձ հետ միասին այս աղոթքով. «Սիրելի՛ Հայր, այսօր ընդունում եմ Քո զորությունը, Քո կյանքը և Քո համարձակությունը։ Ես այլևս չեմ հակառակվելու Քո առաջնորդությանը, այլ ամեն ջանք անելու եմ, որպեսզի ապրեմ այնպիսի կյանքով, որը Քո Խոսքի սկզբունքներն են ինձնից պահանջում։ Եվ անցնելու եմ իմ կյանքի Հորդանանը ու տիրելու եմ այն խոստումներին, որ Դու ես ինձ տվել որպես ժառանգություն։ Այսօր ես ընտրում եմ այն ուղղությամբ ընթանալը, որը Դու ես ինձ համար պատրաստել, և ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ, քանի որ Դու ինձ հետ ես և Դու ես ինձ իմ դժվարությունների ու նեղությունների մեջ զորացնողը։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
