• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 օգս 2025 թ.

Խոնարհության նախապայմանը

Հրապարակման ամսաթիվ 16 օգս 2025 թ.

Մենք մոտենում ենք «Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ» անվանումը կրող շարքի ավարտին։ Ուղերձների այս շարքի ընթացքում արդեն իսկ անդրադարձել ենք հոգևոր պարգևների բացահայտմանը վերաբերող աստվածաշնչյան այնպիսի կարևոր սկզբունքների ու ճշմարտությունների, ինչպիսիք են քչի մեջ հավատարիմ լինելու սկզբունքը, պարգևների հանդեպ անհոգ չլինելու զգուշացումը, մեզ վստահված պարգևների արդյունավետ կիրառության համար Աստծուն հաշիվ տալու իրողությունը և այլն։

Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ նույնպես աստվածաշնչյան շատ կարևոր մի սկզբունքի ենք անդրադառնալու, որը հոգևոր բազմաթիվ օրհնությունների ու խոստումների հետ միասին կապ ունի նաև հոգևոր պարգևների բացահայտման թեմայի հետ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ցանկացած օգնություն կամ բարիք, հայտնություն կամ ուղղորդում Աստծուց ստանալու համար գոյություն ունի մի կարևորագույն նախապայման՝ խոնարհությունը։ 

«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4․6

Աստված խոնարհներին է շնորհ տալիս, իսկ ամբարտավաններին հակառակ է։ Շատ շատերի համար այս խոսքերը կարող են խորթ հնչել և անգամ՝ վիրավորական, սակայն Աստվածաշունչն է պնդում, որ մարդը կա՛մ խոնարհ է, կա՛մ ամբարտավան։ Չկա՛ միջին մի վիճակ։ Եթե մարդը խոնարհ չէ, ապա Աստված նրա դեմ է գործում։ Եթե մարդը խոնարհեցնում է ինքն իրեն և, իր ես-ն ու սեփական պատկերացումները մի կողմ դնելով, հնազանդվում է Տեր Աստծու կամքին ու Նրա Խոսքի սկզբունքներին, ապա Աստված նրա կողմից է գործում և Իր անպատմելի շնորհներով ու օրհնություններով լցնում է Իր կամքի առջև խոնարհված Իր զավակներին։ 

«Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ համար հոգ է տանում» (Ա Պետրոս 5․6-7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե այսօր քո աղոթքն առ Աստված Նրա Արքայության համար քեզ գործածելն է․․․, եթե աղոթում ես, որպեսզի Աստված բացահայտի քեզ շնորհած Իր պարգևներն ու զորացնի քեզ Իր Սուրբ Հոգով Իր կողմից քեզ տրված կանչվածության մեջ, ապա քննի՛ր քո վերաբերմունքն Աստծու կամքի և մարդկանց հանդեպ։ 

Եթե դու քեզ մյուսներից բարձր ես դասում․․․, եթե քեզ ավելի լավն ու արժանի ես տեսնում․․․, եթե դժվարանում ես սիրել ու ներել․․․, եթե մյուսների հետ մրցավազքի մեջ ես և ուզում ես նրանցից բարձր լինել կամ նեղվում ես, երբ մեկ ուրիշը հաջողվում է ու բարձրանում, ապա քեզ խորը ապաշխարություն է պետք, որպեսզի քեզ խոնարհեցնես Տեր Աստծու հզոր ձեռքի տակ։ Եթե Աստծու կամքին հնազանդվել կարողանում ես միայն այն հարցերում, որոնցում համաձայն ես Աստծու հետ, իսկ որոշ դեպքերում չես ուզում հնազանդվել, քանի որ քեզ հարմար չէ կամ արդեն իսկ սովորել ես ապրել կիսատ հնազանդության մեջ, ապա կարիք կա խոնարհվելու և ապաշխարության։ Այլապես երբե՛ք չես դառնա Տեր Աստծու համար վստահելի մեկը և, հետևաբար, չես կարող նաև Նրանից հայտնություն ստանալ քո կյանքի կանչվածության ու պարգևների բացահայտման առումով։ 

Աստված խոնարհներին շնորհ է տալիս՝ նրանց հայտնություններ պարգևում, զորացնում ու հմուտ դարձնում Իր դաշտում մշակության ու մարդկանց ծառայելու հարցերում։  

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես