Պարգևները և անհոգության ծանր մեղքը
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ» անվանումը։ Աստված հավատարիմ աշակերտներ ու նվիրված ծառայողներ է փնտրում։ Այո՛, որքան էլ զարմանալի թվա, Աստված Ինքն է փնտրում մարդկանց, որոնց կզորացնի ու կպատրաստի հանուն Արքայության արդյունավետ ու պտղաբեր ծառայության։
Սիրելի՛ Ընկեր, եթե դու այսօր մեծ փափագով աղոթում ես, որպեսզի Աստված բացահայտի քեզ շնորհած Իր հոգևոր պարգևները, ապա ուզում եմ քեզ քաջալերել ու հորդորել, որպեսզի ընդունես այն հոգևոր ճշմարտությունը, որ Աստված քեզնից շատ է փափագում Իր Արքայության համար գործող ու նվիրված ծառայող բարձրացնելուն։ Նա ուզում է, որ դու լինես հավատարիմ, ուղիղ սրտով Նրան պաշտող և ամբողջական նվիրում ունեցող հավատացյալ, որի կյանքում գործում են Սուրբ Հոգու զորավոր պարգևները։
«․․․որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն» (Բ Մնացորդաց 16.9):
Աստված փնտրում է այնպիսի հավատացյալների, որոնք քչի մեջ հավատարիմ են։ Աստված փնտրում է այնպիսի հավատացյալների, որոնք մեծ փափագ ունեն նմանվելու Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստված փնտրում է ապաշխարող սիրտ ունեցող աշակերտների։ Աստված փնտրում է այնպիսի մարդկանց, որոնք սկզբունքային են և ունեն Քրիստոսի արժեհամակարգը։
Աստված փնտրում է այնպիսի մարդկանց, որոնք ապրում են այնպես, ինչպես քարոզում են մյուսներին։ Աստված ուղիղ սրտով մարդկանց է փնտրում, որպեսզի զորացնի նրանց, տա իմաստություն և բացահայտի նրանց կյանքում այն բոլոր պարգևները, որոնցով Նա օժտել է նրանց։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու ինչպիսի՞ վերաբերմունք ունես Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքների և դավանած արժեհամակարգի հանդեպ։ Արդյոք ողջ սրտով ու ամբողջ էությամբ փափագո՞ւմ ես կորածին որոնելու և ապրեցնելու Նրա գործն այս երկրի վրա շարունակելուն։ Արդյոք հավատո՞ւմ ես, որ պետք է ուրանաս քո անձը և վերցնես քո խաչն ու հետևես Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհին, որպեսզի լինես Նրա հավատարիմ աշակերտը։
Ո՞րն է քո կյանքի իմաստն ու նպատակը։ Աստված փնտրում է հավատարիմների։ Տեր Աստծու շնորհած փրկության հանդեպ մեր շնորհակալության լավագույն արձագանքը Նրան ու Նրա գործին մեր անմնացորդ նվիրումն է։ Իսկ փրկության մեծագույն պարգևի կամ Տիրոջ շնորհած տաղանդների ու պարգևների հանդեպ անհոգությունը՝ մեծագույն մեղքերից մեկը, որ մարդը կարող է երբևէ գործել։
«Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (Ա Կորնթացիս 4․2):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
