Պարգևների աստվածաշնչյան թվարկումը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ» անվանումը։ Այս ուղերձի մեջ փորձելու ենք տեսնել, թե ինչպիսի հոգևոր պարգևներ է նկարագրում Աստվածաշունչը։ Դրանք շատ տարբեր են՝ եկեղեցու կառավարման պարգևներից մինչև Սուրբ Հոգու գերբնական պարգևների դրսևորումները հավատացյալների կյանքում։ Սակայն մեկ բան հստակ է՝ չկա որևէ մարդ, որը հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ընդունի երկնային պարգևը՝ Սուրբ Հոգու ներբնակությունը, և իր կյանքում չունենա որևէ հոգևոր պարգև։
Սիրելի՛ Ընկեր, ստորև բերված աստվածաշնչյան մեջբերումները խոսում են հոգևոր պարգևների և դրանց կիրառության ոլորտների բազմազանության մասին։ Մարդը կարող է միանգամից մի քանի պարգևով օժտված լինել, սակայն միշտ կան գերակա պարգևներ, որոնք կապված են տվյալ ծառայողի առաջնային կանչվածության հետ, և կան պարգևներ, որոնք Սուրբ Հոգին մեր միջոցով գործածում է ըստ անհրաժեշտության։ Ընթերցե՛նք հոգևոր պարգևները նկարագրող մի քանի հատված Սուրբ Գրքից։
«Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ» (Հռոմեացիս 12․6-8):
«Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։ Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։ Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգով, մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։ Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է» (Ա Կորնթացիս 12.4-11):
«Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին» (Ա Կորնթացիս 12․28):
«Եվ Նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ» (Եփեսացիս 4․11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ վերցնել Աստվածաշունչը և աղոթքով ու առանց շտապելու ընթերցել վերը բերված աստվածաշնչյան հատվածները։
Աղոթքի մեջ խնդրիր, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին բացահայտի, թե ո՛ր պարգևն է պատրաստել քեզ համար, թե ի՛նչ ծառայության մեջ է կանչել քեզ և թե ինչ պետք է փոխես քո կյանքում, որպեսզի դառնաս Տիրոջ համար բարի և հավատարիմ ծառա, որը ո՛չ թե սեփական պատկերացումների ու հեղինակության համար է ծառայում և գործածում հոգևոր պարգևները, այլ մեկ նպատակ ունի՝ մարդկանց հոգիների փրկությունը և Աստծու Արքայության շահի համար սեփական կյանքը ներդնելը։
Աղոթում եմ, որ հոգևոր պարգևներին նվիրված այս ուսումնասիրության մեջ մենք ո՛չ թե մեր ցանկություններն ու պատկերացումներն առաջ մղենք, այլ բացահայտենք մեր կյանքերի համար Տեր Աստծու կամքը, որը միշտ բարի է, հաճելի և կատարյալ։
