• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 հլս 2025 թ.

Լույսի և խավարի պատերազմը

Հրապարակման ամսաթիվ 29 հլս 2025 թ.

Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Մտքի պատերազմի զենքերը» անվանումը։ Լույսի և խավարի պատերազմն ավելի քան իրական է։ Աստվածաշունչը բացահայտում է այդ պատերազմի էությունը, նպատակը և այն վարելու կերպերը։ Տեր Հիսուսն անվանվում է Լույս, որ աշխարհ եկավ լուսավորելու խավարի մեջ նստած ժողովրդին, իսկ թշնամին՝ սատանան, նկարագրվում է որպես խավարի իշխանության տիրակալ։ 

Սիրելի՛ Ընկեր, լույսի ու խավարի այս պատերազմը մարդկանց հոգիների համար է։ Եթե այն լիներ ուղղակի երկու ուժերի միջև, ապա խավարի թագավորությունը ոչ մի հնարավորություն չէր ունենա Լույսի զորավոր բանակի դեմ։ Սակայն այս պատերազմի մեջ կա երրորդ կողմը, որը ինքն է որոշում, թե ո՛ր կողմ շրջի իր հայացքը՝ Լույսի՞, թե՞ խավարի։ 

Այո՛, խոսքը վերաբերում է մարդկանց։ Հոգևոր այս պատերազմի մեջ յուրաքանչյուր մարդու փրկությունը կախված է նրա ունեցած հավատքից։ Եթե մարդը հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու Նրա փոխանցած ճշմարտություններին, ապա կփրկվի և հավիտենական կյանքի պարգևը կընդունի։ Իսկ եթե հավատա խավարի զորքի հորինած առասպելներին, ստության կրոններին ու փիլիսոփայություններին, ինչպես նաև քրիստոնեական թվացող մոլորյալ ու հերձվածող ուսուցումներին, ապա կկործանվի և սատանայի ու նրա ընկած հրեշտակների հետ կկիսի հավիտենական տանջանքը կրակե լճի անհուսության մեջ։ 

«․․․որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է» (Բ Կորնթացիս 4․4):

Ինչո՞ւ է սատանան անվանվում այս աշխարհի աստված։ Քանի որ հավատքը պաշտամունք է։ Եթե դու քո հավատն ուղղում ես Տեր Հիսուս Քրիստոսին և Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին, ապա պաշտում ես Աստծուն, որ հեղինակել է Սուրբ Գիրքը և մարմնով հայտնվել, որպեսզի մեզ ազատի խավարի ստրկությունից։ «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8.31-32):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ցավալի է, սակայն եթե մարդն իր հավատքը չի ուղղում Աստվածաշնչի մեջ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին, հավատում է խավարի հորինած ստերին ու տեղ տալիս կասկածի մտքերին, ապա դառնում է հե՛նց այդ նույն խավարի իշխանության ստրուկը։ 

Սատանան մարդուն կուրացնում է իր բազմատեսակ ու բազմազան ստերի միջոցով, որոնք բոլորը մեկ ընդհանրություն ունեն՝ դրանք հակասում են Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին ու դավանած արժեհամակարգին։ 

Մարդկանց հոգիների համար այս թեժ պատերազմը տեղի է ունենում մարդու մտքի ոլորտում։ Ազատ կամքի պարգևն Աստծուց ընդունած մարդը ինքն է որոշում՝ հավատալ խավարի ստությունների՞ն, թե՞ աշխարհ եկած Լույսի փոխանցած ճշմարտություններին։ Մնալ խավարի ստրկության մե՞ջ, թե՞ թույլ տալ, որ Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը փշրի խավարի իշխանության կապանքները․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես