Զորացրո՛ւ քո հավատքան
«… Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու Խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին» (Ա Հովհաննես 2.14)։
Սիրելի՛ Ընկեր, քո մարմինը մարզվելու և ֆիզիկական ակտիվության կարիք ունի։ Ֆիզիկական վարժանքները շատ օգտակար են։ Սակայն քո հավատքը նո՛ւյնպես վարժանքի կարիք ունի։ Հավատքը վարժեցնելը ոչ պակաս օգտակար է։
Այսպիսով, ինչպե՞ս ես դու վարժեցնում ու ամրացնում քո հավատքը։ Ահա վարժանքների մի շարք, որն իր մեջ, իհարկե, ոչ բոլոր հոգևոր վարժանքներն է ներառում, սակայն պարունակում է բավականին օգտակար խորհուրդներ հավատքի ամրացման համար…
-
Աստծու Խոսքը կարդալը և բարձրաձայն դավանելը։
-
Ինքնաճանաչողությունը՝ Աստծու զավակ լինելու ինքնության գիտակցումը։
-
Որոշումներ կայացնելիս հաստատակամորեն Աստծուն վստահելը։
-
Հոգևոր երգերով Աստծուն փառաբանելը։
-
Եկեղեցու հոգևորապես առողջ անդամների հետ հաղորդակցության մեջ լինելը։
-
Պարբերաբար աստվածաշնչյան ճշմարիտ վարդապետության վրա հիմնված ուսուցում կամ քարոզ լսելը։
-
Օրվա ընթացքում աղոթքին ժամանակ հատկացնելը։
-
Աստծու Խոսքի շուրջ աղոթքով մտորելը։
-
Շարունակաբար Սուրբ Հոգուն խնդրելը, որ Նա խոսի քեզ հետ և առաջնորդի քեզ քո բոլոր գործերում։
-
Ավետարանի Բարի Լուրը մյուսներին փոխանցելը։
-
Քո կյանքում Աստծու ողորմություններին ու շնորհներին, Նրա կամքին քո հնազանդությամբ արձագանքելը։
-
Եվ այլն։
Որքան ավելի ես հաստատվում Աստծուն վստահելու մեջ, այնքան ավելի դիմացկուն ու հոգևորապես պատրաստ ես լինում դիմակայելու գալիք դժվար օրվա դժվարություններին, նոր մարտահրավերներին ու կյանքի փորձություններին։
Երբ քո կյանքի ճանապարհներին բախվես այնպիսի խոչընդոտների, որոնք նման են Դավթին դիմակայող հսկա Գողիաթին, ճիշտ Դավիթի նման դու էլ կարող ես դրանք տապալել Զորաց Տեր Աստծու զորավոր անունով։ Աստվածաշունչը վկայում է, որ Դավիթը նախապես վարժված մեկն էր՝ հրաշալիորեն տիրապետում էր պարսատիկի նետմանը, մարտնչել էր արջերի ու առյուծների դեմ և համարձակ դիմակայել էր վտանգ պարունակող բազմաթիվ իրավիճակների (տե՛ս Ա Թագավորաց 17.34-36 հատվածը)։ Եվ երբ սկսվեց Գողիաթի հետ մենամարտը, Աստված հրաշալիորեն օգտագործեց Դավթին՝ անհաղթելի թվացող հսկային տապալելու համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ի՞նչ ես կարծում՝ ինչպիսի՞ն կլինի քո հոգևոր կյանքը, եթե նախապես ժամանակ տրամադրես ու ջանքերդ ուղղես հավատքիդ ամրացմանն ու հավատքի վարժանքների մեջ հմտանալուն։
Հրաշալի և նոր որոշումներով ու նոր թարմությամբ լեցուն օր եմ մաղթում քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
