Հետևի՛ր Տեր Հիսուս Քրիստոսին
Այս ուղերձով մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Քեզ մի բան է պակասում․․․» անվանումը։ Այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ խոսելու ենք Տեր Հիսուսին հետևելու կամ Նրա ճշմարիտ հետևորդը լինելու էության մասին։
Սիրելի՛ Ընկեր, ի՞նչ է նշանակում հետևել Տեր Հիսուս Քրիստոսին։ Ովքե՞ր կարող են ասել, որ Քրիստոսի հետևորդներն են։ Ի՞նչ էր սովորեցնում Տեր Հիսուսը այս թեմայի վերաբերյալ։ Գուցե քեզ հենց դա՞ է պակասում․․․
Հետևել Տեր Հիսուսին նշանակում է ճանաչել, սովորել ու կիրառել Նրա փոխանցած ճշմարտությունները և ձգտել Աստծու կամքին հնազանդ կյանքով ապրելուն ճիշտ այնպես, ինչպես Նա էր ձգտում ու փափագում հնազանդվել։
«Այդ ընթացքում աշակերտները Նրան խնդրում էին ու ասում. «Ռա՛բբի, հա՛ց կեր»։ Իսկ Նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը Նրան ուտելի՞ք է բերել»։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ Ինձ ուղարկողի կամքը կատարեմ և Նրա գործը ավարտին հասցնեմ» (Հովհաննես 4․31-34):
Տեր Հիսուսի համար հաց ու ջրի պես կարևոր էր Հոր կամքը կատարելը։ Իսկ քեզ համար կարևո՞ր է արդյոք Աստծու կամքին հնազանդվելը։ Եվ եթե կարևոր է, ապա կարո՞ղ ես ասել, թե որքան․․․ Աստծու կամքն արդյոք կարևո՞ր է քեզ շրջապատող մարդկանց կարծիքից։ Աստծու կամքն արդյոք կարևո՞ր է քո ֆինանսական կամ նյութական այլ դրսևորում ունեցող շահից։ Աստծու կամքը կարևո՞ր է քո ցանկություններից ու երազանքներից։ Արդյոք այն կարևո՞ր է երջանկության քո ունեցած պատկերացումներից։ Որքանո՞վ է կարևոր քեզ համար Աստծու կամքը, որը գրված է Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի մեջ։
«Ոչ թե ամեն Ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն Ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"» (Մատթեոս 7․21-23):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը Իր երկրային կյանքն ապրեց Հոր կամքին կատարյալ հնազանդության մեջ։ Նա մեր օրինակն է։ Եվ եթե մենք Նրա հետևորդներն ենք, ապա պետք է ընթանանք Նրա ոտնահետքերով։ Եթե մենք Նրա աշակերտներն ենք, ապա պետք է սովորենք Նրա ուսուցումներից և հետևենք Նրա թողած օրինակին։
Գուցե քեզ հենց այս արմատական որոշո՞ւմն է պակասում։ Աստծու Խոսքն ասում է, որ ես և դու հե՛նց դրա համար ենք կանչվել․․․
«Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով ընթանանք» (Ա Պետրոս 2․21):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
