Գանձեր երկրի՞ վրա, թե՞ Երկնքում
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քեզ մի բան է պակասում․․․» անվանումը։ Մեր նախորդ ուղերձների մեջ քննեցինք, թե ի՛նչ է Աստվածաշունչը սովորեցնում անձն ուրանալու, խաչը վերցնելու և Քրիստոսի հետևորդն ու աշակերտը դառնալու մասին։ Այս ուղերձն ամբողջովին նվիրված է մի թեմայի, որը բացահայտում է՝ մենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտնե՞րն ենք, թե՞ ոչ։
Սիրելի՛ Ընկեր, այդ բացահայտումը կախված է մի պարզ հարցի տրված մեր անկեղծ պատասխանից։ Դու քո կյանքի գանձերը որտե՞ղ ես դիզում՝ երկրի՞ վրա, թե՞ Երկնքում։ Քո հաջողությունն ու հարստությունը որտե՞ղ ես փափագում ունենալ՝ երկրի՞ վրա, թե՞ Երկնքում։ Գնահատանքի և գովասանքի որտե՞ղ ես ձգտում արժանանալ՝ երկրի՞ վրա, թե՞ Երկնքում։
Մարդու գանձերն իր նպատակներն են ու երազանքները։ Մարմնավոր մարդու նպատակները սեփական հաճույքներն ու վայելքներն այս երկրի վրա իրականացած տեսնելն է։ Հոգևոր մարդու նպատակն իր գործերով ու ծառայությամբ Տեր Աստծու սիրտն ուրախացնելն է։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք շատ լավ գիտենք, թե ի՛նչն է մարդուն հաճույք պատճառում և ուրախացնում նրա սիրտը։ Բոլոր մարդիկ են ձգտում դրան, և այդ ձգտման մեջ սխալ ոչինչ չկա։ Սխալը այն Աստծու կամքից վեր դասելն է։ Սխալն այն է, երբ երկրային հաջողության կամ, օրինակ, հաջող ամուսնության համար մարդը երկրորդական է դարձնում Երնքում գանձեր ունենալու փափագը։ Երբ սեփական շահի համար ուրանում է Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելու խոստումը։ Երբ երկրի վրա գանձեր դիզելու համար վաճառում է իր երկնային օրհնությունները։
«Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվեն. որպեսզի ոչ մեկը անառակ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց» (Եբրայեցիս 12․15-17):
Քեզ մի բան է պակասում, եթե դեռ չես ըմբռնել գանձերը Երկնքում դիզելու օրհնությունը։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ այնտեղ գանձերը մնայուն են, իսկ այստեղ՝ այս երկրի վրա՝ ժամանակավոր։
«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6․19-21):
Դու կարո՛ղ ես Տեր Հիսուսի հավատարիմ հետևորդն ու պտղաբեր աշակերտը դառնալ, եթե քո սիրտը Երկնքում լինի։ Քո սիրտը Երկնքում կլինի, եթե ձգտես քո գանձերն այնտեղ դիզել։ Որտեղ քո գանձերն են, այնտեղ էլ քո սիրտը կլինի։ Քեզ մի բան է պակասում՝ քո երկրային հնարավորությունները՝ միջոցներդ, տաղանդներդ ու ժամանակդ գործածի՛ր Երկնքում գանձեր դիզելու, այլ ոչ թե այս երկրային կյանքում մարդկանց փառքին արժանանալու համար։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
