Իսկ դու պատրա՞ստ ես թողնել դա հանուն Քրիստոսի
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քեզ մի բան է պակասում․․․» անվանումը։ Կան բաներ, որոնք մարդուն խանգարում են դառնալ Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտն ու նվիրյալ հետևորդը։ Դրանք երբեմն մարդու համար շատ թանկ ու կարևոր բաներ են։ Եվ հե՛նց այդ պարագայում է, որ մարդը պետք է որոշում կայացնի ու հասկանա, թե ի՛նչն է ավելի թանկ ու ավելի կարևոր՝ Տեր Հիսուսի աշակերտը դառնա՞լը, թե՞ այս երկրային կյանքի հաճույքները, հեղինակությունն ու դիրքը։
Սիրելի՛ Ընկեր, երբ հարուստ երիտասարդը գլխիկոր հեռացավ, Պետրոսը Տեր Հիսուսին հետևյալ խոսքերն ուղղեց. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու Քո հետևից եկանք» (Մարկոս 10.28):
Իսկ դու պատրա՞ստ ես թողնելու այն ամենը, ինչը խանգարում է քեզ դառնալ Քրիստոսի հավատարիմ աշակերտը։ Դու պատրա՞ստ ես արյուն թափելու չափ մեղքի դեմ պատերազմելու, որպեսզի ո՛չ մի պատնեշ չլինի քո կյանքում Տեր Հիսուսի հետ մտերմության հարցում։ Պատրա՞ստ ես թողնելու քո վատ բնավորությունը կամ վատ սովորությունները։ Պատրա՞ստ ես քո կյանքում առաջին տեղում դնելու Տեր Աստծու կամքին հնազանդությունն ու Նրա հանձնարարությունները կատարելը։ Պատրա՞ստ ես ներելու, զիջելու կամ զոհաբերելու․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի արձագանքը ցնցող էր և քաջալերական․ «Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ Ինձ համար կամ Ավետարանի համար թողնի տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը , կամ զավակներին, կամ արտերը, և հիմա՝ այս ժամանակ, չստանա հարյուրապատիկը՝ տներ ու եղբայրներ, քույրեր ու մայրեր, զավակներ ու արտեր՝ կրելով նաև հալածանքներ, իսկ հանդերձյալ աշխարհում էլ հավիտենական կյանք կունենա։ Բայց շատերը, որ առաջինն են, վերջինը կլինեն, իսկ վերջինները՝ առաջինը» (Մարկոս 10.29-31):
Աղոթում եմ, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին զորացնի քեզ այսօր, որ որոշում կայացնես ամբողջական նվիրման օգտին։ Տեր Հիսուսի սիրով լեցուն հայացքն այսօր քեզ է ուղղված։ Նրան դուր է գալիս քո հավատքը, սակայն Նա ավելին է ակնկալում քեզնից։ Նա սպասում է, որ գանձերդ Երկնքում դիզես, սովորես խաչդ վերցնելն ու Իրեն հետևելը քո կյանքի բոլոր բնագավառներում և յուրաքանչյուր ընթացքի մեջ։
«Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով, որպեսզի ճանաչեմ Նրան և Նրա հարության զորությունը, մասնակից լինեմ Նրա չարչարանքին, կերպարանակից՝ Նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ» (Փիլիպպեցիս 3․7-11):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
