Տեր Հիսուսը սիրում է քեզ
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քեզ մի բան է պակասում․․․» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ ես խոստացա, որ այս ուղերձի մեջ ավելի մանրամասն կերպով քննելու ենք, թե ի՛նչը կարող է մարդուն խանգարել փրկության հարցում։
Սիրելի՛ Ընկեր, երբ Տերը հարուստ երիտասարդին ասաց «Քեզ մի բան է պակասում» խոսքերը, նկատի ուներ այն, որ հարստության հանդեպ սերն այդ մարդուն խանգարում էր սեփական խաչը վերցնելուն և Քրիստոսի աշակերտն ու հետևորդը դառնալուն։
Այսօր շատերը կարող են բոլորի առաջ դավանել իրենց հավատքն առ Աստված և բացահայտ հայտարարել, որ հավատում են Աստծուն։ Սակայն քչերն են, որ կարող են նույն համարձակությամբ և հրապարակայնորեն հայտարարել, որ իրենք թողել են աշխարհի սկզբունքներով ու սեփական պատկերացումներով ապրելակերպը և նվիրվել Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցանած ճշմարտություններով ապրելուն և Նրա փոխանցած հանձնարարություններն այս երկրային կյանքի ընթացքում հավատարմորեն կատարելուն։
«Որովհետև ով Ինձ ու Իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա Իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով» (Ղուկաս 9․26):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հարուստ երիտասարդին ուղղված Տեր Հիսուսի հայացքը լի էր սիրով ու ափսոսանքով։ Ինչպիսի՜ նվիրյալ ու հավատարիմ աշակերտ կարող էր նա դառնալ․․․ Ինչպիսի՜ զորավոր գործեր կարող էր նա կատարել հանուն մյուս մարդկանց փրկության և Արքայության գործի առաջընթացի․․․ Ինչպիսի՜ ուրախություն էր լինելու նման աշակերտի հետ հավիտենությունը երանության մեջ անցկացնելը։
Սակայն, ցավոք, հարուստ երիտասարդի նվիրմանը մի բան էր պակասում։ Նա չէր կարող բացահայտ դավանել Տեր Հիսուսի աշակերտը լինելու փաստը, քանի որ պատրաստ չէր թողնելու իր խաչը կրելուն և անձն ուրանալուն խանգարող հանգամանքները։
Իսկ ի՞նչն է քեզ խանգարում, որպեսզի ունենաս ամբողջական նվիրում և ապրես Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով։ Ի՞նչ կկորցնես, եթե բացահայտ կերպով դավանես, որ որոշել ես ապրել ըստ քո Տիրոջ ուսուցանած ճշմարտության և փոխանցած սկզբունքների։
Երբե՛ք չամաչես Տեր Հիսուսի անունից։ Խոսի՛ր այդ անունից մարդկանց առջև։ Երբե՛ք չամաչես շեշտել Նրա խոսքերը և քո մոտեցումները հիմնավորել՝ հե՛նց Տեր Հիսուսի անունն արտաբերելով ու Նրա խոսքերը մեջբերելով։ Երբե՛ք չամաչես մարդկանց առաջ դավանել, որ քո կյանքն այլևս առաջվանը չէ, որ դու հիմա Տեր ունես՝ Փրկիչ ու Թագավոր, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Այս զորավոր անվան մեջ է պարփակված այս տիեզերքի մեծագույն իշխանությունն ու ամենախորը սերը․․․
Տերը այսօր Երկնքից նայում է քեզ, և դեպի քեզ ուղղված Նրա հայացքը նույնպես լի է սիրով ու հոգատարությամբ։ Իսկ դու գիտե՞ս, թե քեզ ի՛նչ է պակասում․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
