Տեր Աստծու հետ մտերմության պայմանը
Այս ուղերձով մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Բարձրյալի ծածկոցի տակ» անվանումը։ Մեր վերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք Տեր Աստծու հետ մտերմության պայմանին, քանի որ Նրա ծածկոցի տակ տեղ ունեն միայն Նրա հետ մտերմության ձգտող մարդիկ։ Ծածկոցը հե՛նց մտերմության խորհրդանիշն է։ Նույն ծածկոցով ծածկվում են միայն ամենամտերիմները։
Սիրելի՛ Ընկեր, Աստված բոլորին է սիրում, սակայն Նրա մտերմությունը բոլոր մարդկանց հետ չէ։ Ավելին՝ մենք արդեն քննարկել ենք, որ մարդը կարող է իր վարքագծով իրեն դնել այս տիեզերքի ամենավտանգավոր վայրում, երբ Աստծուն փառավորելու փոխարեն իր ապրած կյանքով արհամարհում է Նրա պատվիրանները։
«Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից. Նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։ Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ, և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են Նրանից, և Իր ուխտը սովորեցնում է նրանց» (Սաղմոս 25․12-14):
Աստվածավախությունը Աստծու հետ մտերմության հիմքն է։ Աստվածավախ մարդը Աստծու Խոսքի ու կամքի հանդեպ ակնածանք ունեցող մարդն է։ Աստվածավախությունը դրսևորվում է մեղքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Աստվածավախ մարդը ապաշխարող սիրտ ունի։ Աստվածավախ մարդու խիղճը երբե՛ք իրեն չի տանջում։
«Ես դիմեցի Տիրոջը, և Նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է Նրան։ Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ Նրա սրբեր, որովհետև Նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի» (Սաղմոս 34․4-9):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սաղմոսերգուն նաև պարզ ու հասկանալի կերպով բացատրում ու սովորեցնում է, թե ի՛նչ է աստվածավախությունը՝ Տիրոջ երկյուղն ունենալը։
«Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։ Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար. Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։ Տիրոջ աչքերն արդարների վրա են, և Նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։ Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան» (Սաղմոս 34․11-19):
Մտերմացի՛ր Տեր Աստծու հետ։ Ապրի՛ր Նրան հաճելի կյանքով։ Ճանաչի՛ր Նրա կամքը և հնազանդվի՛ր Նրա պատվիրաններին։ Սովորի՛ր ապրել աստվածավախության հրաշալի կյանքով, և կվայելես Բարձրյալի ծածկոցի տակ լինելու աննկարագրելի ապահովությունը և աներևակայելի անվտանգությունը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
