Ապաշխարության հաջորդ քայլը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Բարձրյալի ծածկոցի տակ» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք այն մասին, թե ո՛րն է ամենավտանգավոր վայրը։ Ո՛չ մարդու դիրքը, ո՛չ հեղինակությունը, ո՛չ պաշտոնը և ոչ էլ անգամ երկար տարիների ծառայությունը կամ պարգևների գործելու ապացույցները նրան չեն դնում Բարձրյալ Աստծու ապահովության ներքո։
Սիրելի՛ Ընկեր, եթե մենք ուզում ենք վստահ լինել, որ Բարձրյալի ծածկոցի տակ ենք՝ ամենաանվտանգ ու ամենաապահով վայրում, ապա պետք է կարողանանք դրական պատասխան տալ այս կարևորագույն հարցին․ «Արդյոք իմ կյանքը, որպես քրիստոնյայի կյանք, արտացոլո՞ւմ է հնազանդություն Տեր Հիսուս Քրիստոսի փոխանցած ուսուցումներին։ Արդյոք իմ ապրած կյանքը փառավորո՞ւմ է Աստծուն․․․»։
Եթե մենք չենք կարողանում անկեղծ ու ողջ սրտով «այո՛» պատասխանել այս հարցերին, ապա պետք է անմիջապես ապաշխարենք, այլապես կմնանք այս տիեզերքի ամենավտանգավոր վայրում։ Իսկ եթե ապաշխարենք ու ամեն ջանք անենք, որպեսզի ձգտենք ապրել Աստծուն փառավորող կյանքով՝ Նրա ակնկալած հնազանդությամբ և Նրա պատվիրանների հանդեպ ակնածանքով, ապա մենք անմիջապես կհայտնվենք ամենաապահով վայրում՝ Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ։
Մեր արարման նպատակը հե՛նց Աստծուն փառավորելն է։ Երբ մենք շեղվում ենք մեր արարման նպատակից, կորցնում ենք ներքին ուրախությունն ու խաղաղությունը և տրվում տարբեր մտքերի ծնած վախերին ու անհանգստությանը։
«Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր Իմ որդիներին հեռվից և Իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, բոլոր նրանց, որոնք կոչվում են Իմ անունով, և որոնց Ես ստեղծել եմ Իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”» (Եսայիա 43․6-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ապաշխարությունը մեզ դնում է Տեր Աստծու պաշտպանության ներքո։ Ապաշխարության շնորհիվ փոխվում է մեր մտածելակերպը՝ մենք սկսում ենք ապրել ո՛չ թե մեր սեփական պատկերացումներով, այլ Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքներով։
Սակայն Բարձրյալի ծածկոցի տակ մնալու համար մենք ուշադիր ու զգույշ պետք է լինենք, որ գնահատենք Աստծու սերն ու մեր հանդեպ Նրա հայրական հոգատարությունը։ Մենք միշտ պետք է հիշենք, որ ստեղծված ենք մեզ անսահման մեծ սիրով սիրող Աստծուն փառավորելու համար։ Մենք միշտ պետք է մնանք մեր արարման նպատակի մեջ։
«Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք» (Ա Կորնթացիս 10․31):
Ապաշխարության հաջորդ քայլը հոգևոր աճն է և հասունությունը, որի արդյունքում մարդու կյանքն առատ է դառնում հոգևոր հաղթանակներով, և նրա որոշումներն ու մոտեցումները փառավորում են Աստծուն։
«Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ Նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը» (Կողոսացիս 3․17):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
