Աստված իրո՞ք բարի է
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչո՛ւ է Աստված քեզ արարել, ո՛րն է կյանքի նպատակը և այն, ինչով զբաղված ես քո առօրյայում, արդյոք Աստծո կա՞մքն է քեզ համար, թե՞ ոչ։
Սիրելի՛ Ընկեր, եթե դու չունես այս հարցերի պատասխանը, ապա թույլ տուր, որ փորձեմ օգնել քեզ այսօր:
Որոշ մարդիկ սխալ պատկերացում ունեն առ այն, թե Աստծու ծրագիրն է, որ իրենք մշտապես․
-
Տառապեն։
-
Անեն այն, ինչն ամենաշատն են ատում։
-
Լինեն այնտեղ և այն միջավայրում, որտեղ չեն ուզում լինել:
Թեև մենք կարող ենք անցնել տառապանքների ու դժվարությունների ընթացքով, սակայն Տեր Աստծու կամքը մեզ համար այս երկրային կյանքի ընթացքում մշտապես տառապելը չէ։ Ավելին, անգամ տառապանքների ժամանակ Աստծուն վստահող մարդիկ ներքին խաղաղություն են ունենում և չեն կորցնում Աստծու ներկայության քաղցրությունը վայելելու արտոնությունը։ Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած մարդու տառապանքները կարելի է բնութագրել որպես արտաքին դժվարություններ՝ ներքին խաղաղության և առողջ հոգու առկայության պարագայում։
Այո՛, լինում են ժամանակներ, երբ Աստված մեր կյանքում թույլ է տալիս դժվար ու ցավալի իրավիճակներ։ Բայց Աստված երբեք չի գործում առանց հստակ հիմնավորումների: Նրա ծրագիրը քեզ համար կատարյալ է: Նա կատարյալ է Իր բոլոր ճանապարհներում: Հակոբոս առաքյալը մեզ ասում է, որ «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա» (Հակոբոս 1.17):
Աստված բարի է։ Նա սիրում է քեզ։ Եթե անգամ դեռ չենք տեսնում Նրա ծրագրի վերջնանպատակը, մենք պետք է կատարելապես վստահենք Նրան։ Հավատում եմ, որ ողջ տիեզերքում ավելի վստահելի մեկը չկա և չի կարող լինել։ Խնդիրը միայն այն է, որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը։ Իմ կյանքում շատ անգամ է եղել, որ մի շատ վատ իրադարձությունից ու անհաջողությունից ամիսներ և անգամ տարիներ հետո եմ գիտակցել, որ եթե չանցնեի այդ ամենով, ապա չէի հասնի այնտեղ, որտեղ հիմա եմ։
Աստծու բարության փաստը գիտակցելն ու ընդունելը հիմնարար կարևորություն ունի Նրա ծրագիրը մեր կյանքերում ընդունելու համար: Այն ամենը, ինչ Աստված նպատակ ունի իրականացնելու քո կյանքում, քեզ հետ և քո միջոցով, միտված է նրան, որ քո մեջ ավելի ու ավելի շատ ձևավորվի Նրա պատկերն ու նմանությունը:
Ինչպիսի՞ն է Աստված քո ընկալմամբ։ Ինչպիսի՞ն է Նրա բնույթն ու էությունը։ Որտեղի՞ց է ձևավորվել քո մեջ Աստծու մասին ընկալումը։ Արդյոք Աստծու մասին քո պատկերացումները ներդաշնա՞կ են Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին, թե՞ հակասում են դրանց։ Սրանք շատ կարևոր հարցեր են, քանի որ այն բնույթը, որը Նա ուզում է, որ դու ընկալես Իր մասին, հենց այն նույն բնույթն է, որը Տերը ցանկանում է դրսևորել քո միջոցով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Նրա բարության արտահայտությունը երևում է ոչ միայն այն ամենի մեջ, ինչը ստանում ես Աստծուց, այլև այն ամենի մեջ, ինչը խնդրել ես և չես ստացել Նրանից: Ուստի առաջարկում եմ այսօր սրտանց այս խոսքերն ուղղել Տեր Աստծուն. «Իմ Տե՛ր, ես հավատում եմ, որ Դու բարի ես: Դու կատարյալ բարի և խաղաղության ծրագրեր ունես իմ կյանքի համար։ Եվ եթե անգամ ես հիմա չեմ տեսնում քո ծրագրերի ամբողջական պատկերը և չեմ հասկանում որոշ բաներ, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում իմ կյանքում, միևնույնն է, ես վստահում եմ Քեզ։ Դու ես իմ կյանքի Տերը, և ես Քո շնորհին ու ողորմությանն եմ հուսացած»:
Աստծո ծրագիրը քո կյանքի համար սկսում է գործել, երբ դու հավատում ես Նրան և ընդունում ես Նրա բարի լինելու փաստը:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
