Համբերության և հոգևոր պատերազմի մեջ հմտանալու ուղին
Այս ուղերձով մենք ավարտում ենք «Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները» անվանումը կրող ուղերձների շարքը։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ մենք անդրադարձել ենք հոգևոր պատերազմի էությանը, թե՛ թշնամու և թե՛ Քրիստոսի աշակերտների զենքերին, այդ պատերազմի մարտավարությանը և հոգևոր սպառազինությանը։ Մեր այս վերջին ուղերձի մեջ խոսելու ենք հաղթական կյանք ունենալու կարևորագույն որակներից մեկի՝ համբերության մասին, ինչպես նաև հոգևոր պատերազմի մեջ հմտանալու և փորձառություն կուտակելու ուղիների մասին։
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը մեզ հստակ ճշմարտություններ է փոխանցում ո՛չ միայն հոգևոր պատերազմի մանրամասների և հաղթանակի ուղիների մասին, այլև զգուշացնում է, որ այդ պատերազմը չի ավարտվում որոշ ճակատամարտերում տարած հաղթանակներով։ Քանի դեռ մենք մարմնի մեջ ենք և չենք լքել այս աշխարհն ու չենք գնացել այնտեղ, որտեղ մեր Տեր Հիսուսն է, մենք շարունակելու ենք հավատքի համար մղվող մեր պատերազմն ու բախվելու ենք մեր թշնամու տարբեր հնարքներին, որոնց մասին զգուշացնում է Աստվածաշունչը։
«Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։ Երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվեցիք, երբեմն էլ այդպիսի վիճակում գտնվողներին ցավակից եղաք։ Որովհետև և՛ բանտարկվածներին չարչարակից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն ինչք ունեք։ Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրայեցիս 10․32-36):
Առանց համբերության չկա հարատև հաղթական ընթացք։ Աստծու կամքը Իր յուրաքանչյուր զավակի համար հարատև հաղթանակի կյանքն է։
«Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։ Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին» (Բ Կորնթացիս 3.17-18):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր հոգևոր հաղթանակների գրավականը մեր մեջ բնակվող Աստծու Սուրբ Հոգին է։ Նա է մեզ օգնում մեր տկարությունների մեջ։ Նա է մեզ հայտնում Աստծու Խոսքի խորությունները։ Նա է հիշեցնում Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտությունները։ Նա է զորացնում մեզ ծանր ու դժվար ժամանակներում։ Եվ Նա է ուժ տալիս մեզ համբերելու և երկայնամտության մեջ հարատևելու համար։
«Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ Իմ Հոգով,- ասում է Զորքերի Տերը» (Զաքարիա 4․6):
Աստված ամեն բան հոգացել է հոգևոր կյանքում մեր հաղթական ընթացքի հարատևության համար։ Մեր բաժինը կարգապահ ու հավատարիմ աշակերտի պես հմտանալն ու մարզվելն է՝ հոգևոր վարժանքները մեր կյանքում առաջնահերթություն դարձնելով։
«․․․որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը» (Ա Տիմոթեոս 4․8):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
