Մեր սպառազինությունը և մարտավարությունը
Մենք մոտենում ենք «Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք Տեր Հիսուսի աշակերտի սպառազինության և չարի բոլոր հնարքներից հաղթանակած դուրս գալու մարտավարության մասին։
Սիրելի՛ Ընկեր, նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ թշնամու հիմնական զենքը սուտն է, և մեր հավատքը թուլացնելու նպատակով նա գրոհում է երեք հիմնական ուղղություններով՝ կասկածի ու վախի մտքեր, այս աշխարհի հաճույքների ու մեղքերի գայթակղություններ, ինչպես նաև Աստվածաշնչի ճշմարիտ վարդապետությանը հակասող մոլորություններ։
«Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու Նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել» (Եփեսացիս 6․10-13):
Տեր Հիսուսը զորացնում է Իր աշակերտներին և նրանց փոխանցում Իր զորության ուժը։ Նա հատուկ սպառազինություն է փոխանցել մեզ, որի օգնությամբ ենք կարողանալու սատանայի հնարքներին դիմադրել ու հաղթանակած դուրս գալ ցանկացած հոգևոր ճակատամարտից։ Հոգևոր սպառազինությունը մեր հոգևոր հաղթանակների գրավականն է։
«Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով․․․» (Եփեսացիս 6․14-18):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ճշմարտությունն իմանալը, ճշմարտությանը հավատալն ու ճշմարտությունը խոսելը քո հոգևոր հանդերձանքի գոտին է։ Այն ապահովում է քո շարժունակությունն ու հավաքվածությունը։ Առանց ճշմարտության գոտու առկայության քո կյանքը թափթփված ու խառնաշփոթ մի ընթացք է լինելու, որտեղ ավելի շատ հոգևոր պարտություններ են, քան հոգևոր հաղթանակներ։
Արդարության կյանքով ապրելը Աստծու կամքը այս երկրի վրա կատարելն է և Տեր Հիսուսի պատվիրաններին հնազանդվելը։ Այն աստվածավախության պտուղն է, որն աստվածային գերբնական պաշտպանություն է շնորհում քեզ հոգևոր աշխարհում։
Ավետարանի խոսքով մյուսների հետ կիսվելու պատրաստակամությունը քո ռազմական կոշիկներն են։ Առանց այս պատրաստակամության մարդը մնում է բոկոտն, իսկ մերկ ոտքերով պատերազմելն անհնարին է անգամ ամենազորեղ զենքերի առկայության պարագայում։
Հավատքի վահանը, փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու Խոսքն է, մեր վերաբերմունքն են Աստվածաշնչի հանդեպ։ Առաջինը մեր վստահությունն է Աստվածաշնչի փոխանցած սկզբունքների ճշմարտացիության հանդեպ։ Երկրորդը՝ մեր վստահությունը մեր փրկության և պատկանելության առումով։ Իսկ երրորդը՝ Աստվածաշնչի փոխանցած գիտելիքին և խոստումներին մեր քաջատեղյակությունը և դրանք կիրառելու մեր հմտությունն ու պատրաստակամությունը։
Ամենազորեղ զենքերից է նաև աղոթքը և Սուրբ Հոգով կատարված աղոթքը։ Մեզ համար Տեր Հիսուսի պատրաստած այս սպառազինությանը տիրապետող ցանկացած հավատացյալ մշտապես հաղթանակած է դուրս գալու չարի դեմ հոգևոր պատերազմներից և երբե՛ք չի տրվելու նրա խորամանկ հնարքներին։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
