Տեր Հիսուսի թողած զենքերը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները» անվանումը։ Երբ մենք հասկանում ենք հավատքի պատերազմի էությունը և գիտակցում ենք, թե ինչի՛ համար է այդ պատերազմը և ո՛րն է իրական մարտադաշտը, ապա կարող ենք կիրառել Տեր Հիսուսի կողմից Իր Խոսքի մեջ մեզ փոխանցված հոգևոր զենքերը։
Սիրելի՛ Ընկեր, այս շարքի մեր նախորդ ուղերձներից մեկում անդրադարձել ենք աստվածաշնչյան այն ճշմարտությանը, որ հավատքի պատերազմը հե՛նց հավատքի համար է։ Հավատացյալները պատերազմում են, որպեսզի պահեն Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունների հանդեպ անսասան հավատքը, իսկ սատանան և իր զորքն ու ծառաները ամեն հնարք փորձում են, որպեսզի մարդիկ նախ չհավատան այդ ճշմարտություններին, իսկ հետո, երբ արդեն հավատացել են, հետ քաշվեն հավատքից, ուրանան ճշմարտությունը կամ, ինչպես Աստվածաշունչն է ասում, անիրավությամբ ճնշեն այն։
Սատանայի կիրառած առաջին զենքը ստության մտքերն են, որոնց դեմ Աստվածաշունչը զորավոր պաշտպանություն և հաղթանակի ռազմավարություն է առաջարկում։
«Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի» (Բ Կորնթացիս 10․3-6):
«Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել» (Եփեսացիս 6․16):
Չարի զենքերից է նաև մեղքի ու այս աշխարհի պիղծ հաճույքների կամ խարդախ կերպով գումար վաստակելու գայթակղությունները մարդուն հրամցնելը։
«Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհաննես 4․4):
«…որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է» (Ա Հովհաննես 5.4-5):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր թշնամին բավականին խորամանկ է և, երբ տեսնում է, որ իր զենքերը հանդիպում են Տեր Հիսուսի կողմից մեզ փոխանցված հոգևոր հզոր զինատեսակների կիրառմանը, սկսում է փորձել հավատացյալներին մոլորեցնելու իր նենգ մարտավարությունը։
«Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու» (Բ Կորնթացիս 11.13-15):
Սակայն մեր Տերը նաև այստեղ է Իր զավակների համար հոգևոր զենքեր ու հոգևոր հաղթանակներ հոգացել։
«Որովհետև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլփատվածների մեջ, որոնց պետք է լռեցնել. նրանք ամբողջ տներ են կործանում՝ հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։ Այս վկայությունը ճշմարիտ է. դրա համար նրանց խիստ հանդիմանի՛ր, որ հավատի մեջ առողջ լինեն և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու այն մարդկանց պատվերներին, որոնք ճշմարտությունից շեղված են» (Տիտոս 1․10-11,13-14):
Տերն ամեն բան հոգացել է մեր հաղթանակի համար։ Երբ մենք հասկանում ենք հոգևոր պատերազմի էությունն ու մարտադաշտը, սկսում ենք կենտրոնանալ Տեր Հիսուսի տված զենքերի կիրառության վրա։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
